Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժը երեկ կրակել է սահմանի Գեղարքունիքի ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան


Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը երեկ կրկին լարված է եղել. Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուշ երեկոյան ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ըստ ՊՆ-ի՝ հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է, հայկական կողմից ոչ ոք չի տուժել։

Պաշտոնական Բաքուն էլ Երևանին է մեղադրում հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ արձակելու մեջ։ Ադրբեջանական աղբյուրները նաև հայտնում են՝ երեկ երեկոյան Հայաստանի Գեղարքունիքի մարզին հարակից Քարվաճառի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու ադրբեջանցի զինվորական է մահացել։

Վերջին շաբաթներին սահմանային լարումների մասին հաղորդագրությունները հաճախակի են դարձել։ Նախօրեին էլ հաղորդվում էր Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությունում հերթական միջադեպի մասին։ Թե Գեղարքունիքի մարզի որ հատվածում է գրանցվել երեկվա միջադեպը, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը չի մանրամասնում: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ կարոցները Վարդենիսի ուղղությամբ են եղել:

Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանն «Ազատության» հետ զրույցում չցանկացավ Պաշտապնության նախարարության հաղորդագրությանը որևէ բան ավելացնել, սակայն նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ծննունդով Վարդենիսից Թագուհու Թովմասյանը մինչդեռ պնդում է՝ կրակոցներ այսօր էլ են եղել։

«Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո, երբ հայտարարվեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ կնքվել է նոր հրադադար կամ նոր համաձայնություն հրադադարի շուրջ, այնուամենայնիվ, դրանից օրեր հետո շարունակ ադրբեջանական զինուժը կրակում է և կրակոցներ կան գրեթե ամեն օր: Եթե մենք մի քիչ մոտենում ենք սահմանային հատվածին, դրանք լսելի են, ընդ որում՝ ոչ միայն ուղղակի կրակոցներ սովորական զինատեսակներից, այլ ավելի ծանր զինտեխնիկայից: Երեկ ևս եղել է միջադեպ և այսօր էլ: Այսինքն՝ մենք ապրում ենք ամենօրյա անկայուն տարածքում և անընդհատ վտանգված է այդ տարածաշրջանի բնակիչների կյանքը: Ես չգիտեմ՝ սա ինչքան կարող է շարունակվել, բայց ես անընդհատ ահազանգում եմ, որ այս կրակոցների պայմանում մենք կարճ ժամանակ հետո սահմանամերձ բնակավայրերի բնակեցման խնդիր ենք ունենալու, և այս իրավիճակը Ադրբեջանը լավ հաշվարկել է, իսկ մենք ի՞նչ հակաքայլ ենք անում, ես չգիտեմ», - ասաց Թովմասյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ ադրբեջանական զինուժն այժմ վարժանքներ է իրականացնում՝ 2021 թվականի մարտական պատրաստվածության պլանի համաձայն։

XS
SM
MD
LG