Մատչելիության հղումներ

Սոթքի հանքավայրի ուղղությամբ ևս այսօր կրակոցներ են եղել. տեղի գյուղերի բնակիչները փակուղու առջև են


Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում մեկ հայ զինծառայող է հրազենային վիրավորում ստացել: Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ ռազմական գերատեսչության՝ ադրբեջանական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր:

Բաքուն թե՛ այսօր, թե՛ երեկ զոհերի մասին տեղեկությունները չի հաստատում։ Վերջին օրերին սահմանի մի քանի ուղղություններով է թեժացել իրավիճակը. Սև լիճ, Երասխ, Վարդենիսի տարածաշրջանի գյուղեր, երեկ Երասխի ու Կութի սահմանին երկու հայ զինվորներ են զոհվել:

Կրակի տակ էին ոչ միայն հայկական դիրքերը, այլև Կութ, Նորաբակ բնակավայրերը:

«Բոստանը ջրում էի, կարմիր կրակի նման, ես իմացա` գալիս ա դեպի ինձ, ջուրը կտրեցի, մտա տուն վախից», - պատմում է տեղացի կանանցից մեկը:

«Երեկ երևի ժամը 5-ի կողմից սկսած ինտենսիվ կրակոցներ են եղել Սոթքի, Կութի, Ազատի և Նորաբակի հատվածներում, բայց այդ ընթացքում Կութ բնակավայրի և Նորաբակ բնակավայրի վրա են տարբեր տրամաչափի պուլիմյոտներից կրակել», - հավելում է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Ասում է՝ կրակի տակ հայտնված համայնքները բարեբախտաբար մեծ վնասներ չեն կրել:

Գիշերը ու այսօր կեսօրից հետո Սոթքի հանքավայրի տարածքն է ադրբեջանական զինուժի թիրախում եղել, հերթափոխը ողջ կազմով` 200 հոգի տարհանվել է:

«Այնտեղի ձայներն ենք լսում, կրակոցներն էս կողմի վրա են, ոսկու հանքի վրա, ժողովրդին հետ են կանչել, չեն թողել աշխատել», - նշում է Սոթք համայնքի բնակիչը, մյուսը` ավելացնում. «Սաղ գործից փախել են, այսինքն` ոչ թե փախել են, ասել են` գնացեք տուն հանքից, որպեսզի վիճակը լավ չի»:

Ադրբեջանցիները եկել, մոտիկացել են ու ոնց որ խաղան, ասում է Սոթքում ապրող Հարություն Դալլաքյանը. անելիքը չգիտի, թոռները վախենում են. «Երեխեքն անհանգիստ են, վախենում են, պապի, գալո՞ւ է թուրքը, ասում եմ` չէ, բալես, չէ: Հոգեկան խանգարում են արդեն ստանում»:

Այս տարածաշրջանի գյուղերում հիմնական եկամուտն ու գործը անասնապահությունն է: Մարդիկ փակուղու առջև են՝ ադրբեջանցիները նստել են Սոթքի, Կութի, Նորաբակի խոտհարքներում: Հիմա ո՛չ անասուն պահելն է ձեռնտու, ո՛չ էլ վաճառելը, ասում է համայնքի ղեկավարը. «Մարդիկ արդեն չեն կարողանում իրենց ձմեռվա պաշարը դզեն, ու դրանից ելնելով` խոտը հիմա դառել է 2000 դրամ, իսկ անասունի միսը` 1000-1200, շատ էժան գներ, որ և՛ անասունը ծախելը մարդկանց ձեռնտու չի, և՛ պահելն էլ կրկնավի վնաս է լինում: Արդեն այդ անասնապահ ժողովուրդը կամաց-կամաց հրաժարվելու է իրենց անասնապահությունից»:

Խոտ հավաքելը ռիսկային մի գործ է դարձել, եթե հավաքել ես, տեղափոխելն էլ թեմա է, այս ամենը ադրբեջանցի զինվորների տեսադաշտում է, ասում է գյուղի բնակիչը. «Հելել են, գնացել են, խոտ են քաղում, որ բերեն, անասուն պահենք, գոյություն պաշտպանենք: Սարի գլխին թուրքն ա, փոսի մեջին երեխեն ձեռով խոտ ա քաղում: Ռիսկ չեն անում գնան, քաղեն»:

Թաթուլ Պետրոսյանը Նորաբակի վերևում հաստատված ադրբեջանցիների շարժին ամենօրյա ռեժիմով է հետևում, հենց նրանց կողքին իր խոտհարքն է: Հնձել եմ, ասում է ու երախտագիտությամբ նայում Նորաբակի տրակտորիստներին: Մնում է խոտը գյուղ հասցնել. Հավաքելը մի դարդ ա, բերելն էլ` երկրորդ դարդ»:

Նրա կինը՝ Լարիսա Պետրոսյանը ամուսնու հեռադիտակի բովանդակությամբ հետաքրքրված չէ, ասում է՝ եթե առողջությունս լավ լիներ, կբարձրանայի հայկական պոստեր՝ մի բանով օգտակար լինելու. «Ապահով ենք էնքանով, որ մեր երեխեքը էստեղ են, ո՞ւր գնանք, էս երեխեքին թողնենք, ո՞ւր գնանք, մեր հողն ա, ո՞ւր գնանք, էլ տեղ չունենք գնալու»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG