Մատչելիության հղումներ

Ալիևը հասկանում է՝ առանց պայմանագրի, պատերազմի ձեռքբերումները լեգիտիմ չեն. Քոչինյան 


Բաքուն շարունակելու է սրել իրավիճակը Հայաստանի հետ սահմանին և Արցախում՝ նպատակ ունենալով, որպեսզի Երևանը ստորագրի փոխադարձ սահմանների, ուստի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին համաձայնագիրը՝ այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։

Ըստ Քոչինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկանում է՝ առանց պայմանագրի, պատերազմի ձեռքբերումները լեգիտիմ չեն։

«Ազատություն». - Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց Երասխի ուղղությամբ հայկական մեկ զոհի մասին, էլ ավելի վաղ նշեց, որ Սև լճի ուղղությամբ ադրբեջանցիները ունեն առնվազն մեկ զոհ, նախորդ շաբաթ մենք տեսանք, որ իրավիճակը սրվեց նաև Լեռնային Ղարաբաղում, հաղորդեցին, որ այնտեղ ադրբեջանական կողմն անգամ հարվածային անօդաչու է կիրառել, նռնականետ է կիրառել և հինգշաբթի օրը հաղորդվեց, որ փորձել են հատել շփման գիծը, անհաջող փորձ է եղել: Մենք տեսնում ենք՝ իրավիճակը մայիսի կեսերից աստիճանաբար սրվում է, և կարծես սովորական երևույթ է դարձել Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգությունը, զոհերը, ի՞նչ է կատարվում, ի՞նչ կարող եք ասել:

Արեգ Քոչինյան. - Նախ շատ կարևոր է արձանագրել այդ միտումը, որ կա սրում, և այդ սրումը շարունակում է, բայց սրումը աճելու է նաև ապագայում: Ինչի՞ հետք է դա կապված, դա կապված է հետևյալի հետ՝ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի արդյունքում ունի որոշակի ձեռքբերումներ մարտի դաշտում, և ըստ էության պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանն ունի մեկ նպատակ՝ այդ ձեռքբերումները լեգիտիմիզացնել, դարձնել այլևս միջազգային իրավունքի և միջազգային հանրության աչքերում եղած փաստ, իսկ դրա համար կա ամենակարճ և իրենց կարծիքով ամենարդյունավետ ճանապարհը, դա ստիպելն է մեզ՝ ստորագրել որոշակի փաստաթղթեր: Այդ փաստաթղթերից մեկն, օրինակի համար, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ Արցախը դրանում, դա դեմարկացիան և դելիմիտացիան է և այլն: Հիմա սրումն ու էսկալացիան գնալու են այնքան ժամանակ, քանի դեռ, ըստ իրենց հաշվարկի, ես փորձեմ հիմա մեկնաբանել, թե ինչ են անում ադրբեջանական կողմում, իրենք շարունակելու են սրումը, ճնշումը, շարունակելու են փորձել մեզ վախեցնել այնքան ժամանակ, քանի դեռ չհասնեն իրենց ուզածին, իսկ իրենց ուզածն այդ ստորագրություններն են:

«Ազատություն». - Ալիևը երեկ հարցազրույց տվեց CNN Turk հեռուստաընկերությանը և կարելի է ասել, որ բացեց խաղաքարտերը, ասաց, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պետք է կնքվի խաղաղության պայմանագիր, Զանգեզուրի միջանցքի մասին խոսք գնաց և հորդորեց Ռուսաստանին չզինել Հայաստանին: Ձեր կարծիքով Ալիևն ինչո՞ւ որոշեց նման հրապարակային ձևով այդ առաջարկները ներկայացնել:

Արեգ Քոչինյան. - 44-օրյա պատերազմի քաղաքական ամենախոշոր բեկումը ոչ թե տարածքների կորուստն էր, ոչ թե այն հսկայական քանակությամբ զոհերն էին, որ եղան երկու կողմերից, ամենամեծ քաղաքական բեկումն այն էր, որ մեր Զինված ուժերի պոտենցիալը հայտնի չափով կոտրվեց, և այն հավասարակշռությունը, որ տարիներ շարունակ կար Անդրկովկասում, կործանվեց: Հենց այդ խաղաքարտն է պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանը պարբերաբար օգտագործում: Եթե տեսնեք Ալիևի հայտարարությունները, ինքը անընդհատ խոսում է մեր բանակից՝ «Հայաստանը մի երկիր է, որն այլևս չունի բանակ, Հայաստանն այնպիսի մի երկիր է, որն այնքան աղքատ է, որ այլևս չի կարող վերագործարկել իր բանակը, Հայաստանն այնպիսի երկիր է, որին մենք թույլ չենք տա, որպեսզի նորից ունենա բանակ», այսինքն՝ նա անընդհատ խոսում է դրանից, որովհետև դա է ամենախոշոր փոփոխությունը: Հիմա, երբ որ կան ինչ-որ առնվազն խոսակցություններ, այսինքն վերբալ դաշտում գոնե ինչ-որ խոսակցություններ կան այդ Զինված ուժերի կարողությունների վերականգնման ուղղությամբ, Ադրբեջանում սա սվիններով են ընդունում, որովհետև սա իրենց ամենամեծ ձեռքբերումն է:

Սա ամենամեծ փոփոխությունն էր, որ տեղի ունեցավ պատերազմի արդյունքում, հենց սրա բացակայությունն էր, որ իրենց թույլ էր տալիս մեզ վրա ճնշում գործադրել, մուտք գործել մեր տարածք, ինչ-որ միջանցքներից խոսել և այլն: Երբ որ այս խաղաքարտն իրենցից վերցվում է, մենք ըստ էության գում ենք հետ մինչև պատերազմյան իրավիճակը, երբ որ կար որոշակի ուժերի բալանս այն տարբերությամբ, որ եթե նախկինում արցախյան հիմնահարցը նշանակում էր և՛ տարածքային ամբողջականության իրացում, և՛ ազգերի ինքնորոշում, ապա հիմա տարածքների իրացումն իրականացված է՝ յոթ շրջաններն Ադրբեջանի վերահսկողության տակ են, մնացել է չիրացված միայն ազգերի ինքնորոշման հարցը: Սա հայտարարեցին ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Փարիզում, որ, ոչ, արցախյան հիմնահարցը լուծված չէ և այն պետք է լուծվի նաև ազգերի ինքնորոշման սկզբունքից ելնելով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG