Մատչելիության հղումներ

Այսօր առավոտյան Երասխի հատվածում հակառակորդի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել


Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Մասնավորապես, ըստ Պաշտպանության նախարարության, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել:

Ադրբեջանական կողմը հերքում է իր մեղսակցությունը հայ զինծառայողի մահվանը։

Այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե անցած գիշեր ադրբեջանական զինված ուժերը սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։

Նախարարությունը նշել էր, որ փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական կողմը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:

Պաշտոնական Բաքուն զոհված զինծառայողի լուրը չէր հասատատել, սակայն հաղորդել էր հրադադարի խախտման մասին սահմանի Նախիջևանի հատվածում`պատասխանատվությունը դնելով հայկական կողմի վրա:

«Օգոստոսի 16 ի առավոտյան հայկական դիրքերից կրակ է բացվել Սադարակի շրջանի Հեյդարաբադ բնակավայրի ուղղությամբ, ադրբեջանական կողմում զոհեր ու վիրավորներ չկան», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG