Օլիմպիական մեդալակիրներին այսօր հայրենի քաղաքում ընդունեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
«Մեր ցանկությունն էր, որ Գյումրին իհարկե երեք հատ մեդալ լիներ, երկու մեդալի գույնն էլ լիներ պայծառ ավելի, բայց քսպես ստացվեց», - ողջունելով օլիմպիականներին՝ ասաց քաղաքապետը։
Արթուր Ալեքսանյանի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը դժգոհ է օլիմպիական այս խաղերի մրցավարությունից։ Վերադարձից հետո դիտել է տեսագրություններն ու եկել եզրակացության, որ կողմնակալ մրցավարության պատճառով Հայաստանի հավաքականից մեդալներ են գողացվել. - «Կան էսօր մեր ֆեդերացիայում մարդիկ, որոնք մեդալ գողացող են: Էսօր գողացան մեր թիմից երկու մեդալ, մի մեդալի էլ՝ գույնը։ Նայեք ինչ եղավ. 67 կիլոյից գամ, ոչ մի եգիպտացի մեդալ չէր ունենա, բացի էդ տղայից, եթե էդ գոտեմարտը պարտվում էր։ Դրա համար օգնեցին, որ երրորդ տեղ հասնի։ Ադրբեջանը չուներ ոչ մի մեդալ հունա-հռոմեական ձևից, միակ շանսն էր տանելու, տարան մեր ձեռից։ Ռուսը ոսկի չունի, ֆեդերացիան մեծ խնդիրներ կունենար... էդ կարգով լուծեց և' իրա խնդիրը, և' Ռուսաստանի ոսկե մեդալ ունենալու խնդիրը»։
Եզրափակիչ գոտեմարտում պարտությունից հետո նախորդ օլիմպիական խաղերի հաղթող, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը դժգոհել էր մրցավարությունից՝ հայտարարելով, որ հաղթելու համար պետք է Ռուսաստանը ներկայացնես։
Գյումրիում ևս Ալեքսանյանը նշեց, որ իր համար մինչև օրս անհասկանալի է, թե ռուսաստանցի ըմբիշի հետ ոսկե մեդալի համար մրցամարտում ինչու մրցակցին 2 միավոր նվիրեցին. - «Չկար մի մասնագետ, որ ինձ չասեր, որ այդտեղ ոչ մի միավոր չկար։ Ու ես էլ վստահ, որ օրենքի սահմաններում եմ պաշտպանվել։ Եթե ինչ-որ մի բան էլ լիներ, երեք հատ մրցավար էր դատում էդ գոտեմարտը, մի մրցավարը գոնե կտեսներ... Նորից միջազգային ֆեդերացիան իր անելիքը արեց, նորից գոտեմարտը փչացրեց։ Այն դեպքում, երբ որ բոլորը գիտեին, որ ես վնասվածքով եմ գոտեմարտում, կարող էին թողնել, որ արդար գոտեմարտ լիներ ու ուժեղը հաղթեր։ Բայց եղավ այն, ինչ որ եղավ»։
Մրցամարտից հետո ևս հարցի պատասխանը ստանալ չի հաջողվել. - «Մինչև հիմա էլ մեզ պարզ չէ, թե ինչի համար են տվել կոնկրետ։ Էդտեղ էլ իմաստ չկար բողոքարկելու, որովհետև արդեն որոշել էին»։
Բրոնզե մեդալ նվաճած բռնցկամարտիկ Հովհաննես Բաչկովը ևս գտնում է, որ արդար մրցավարության դեպքում ինքն ավելի բարձր մեդալ կարող էր նվաճել. - «Կարող էինք ավելի բարձր հարգի մեդալ նվաճեինք, եթե ամեն ինչ շատ արդար լիներ։ Էդպիսի մրցակիցներից չես կարող մեկ գլուխ բարձր լինես ու հաղթես, քանի որ նրանք բարձրակարգ մրցակիցներ են, նրանց հետ հավասար կամ մի փոքր ավել կարող ես մենամարտել։ Եթե գնահատեին ճիշտ, հաղթանակը մեր կողմը կլիներ»։
29-ամյա բռնցքամարտիկը դեռ չգիտի, թե 3 տարի անց Փարիզի օլիմպիական խաղերին կմասնակցի թե ոչ, քանի որ ցանկանում է պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխվել. - «Ես արդեն պրոֆեսիոնալ բռնցքամարտում երկու մենամարտ անցկացրել եմ։ Մինչև տասնհինգ մենամարտ մեզ թույլ են տալիս, եթե լուրջ գոտի չունես նվաճած։ Բայց պրոմոուտերական կոնտրակտ չունեի առայժմ, մենեջարական է միայն։ Հիմա սպասում եմ պրոմոուտերական կոնտրակտի, ու եթե այն լինի, կարող է ինձ թույլ չտան»։
Օլիմպիական 3 խաղերի մասնակից Արթուր Ալեքսանայանը ևս հստակ չի պատասխանում 2024-ի օլիմպիական խաղերին մասնակցելու հարցին, ասում է՝ ժամանակը ցույց կտա:
Նախորդ տարիներին Ալեքսանյանի հաջողություններից հետո շատ էր խոսվում նրա մարզադպրոցի վատ վիճակի մասին։ Մի քանի անգամ նոր մարզադպրոցի նախագիծ է կազմվել, սակայն պահանջվող մոտ 300 մլն դրամ գումարն այդպես էլ չէր տրամադրվում: Եվ միայն անցած տարի կառավարությունը հատկացրեց Ալեքսանյանի անունը կրող սպորտային համալիրի գումարը։ Շինարարությունը Գյումրիում արդեն մեկնարկել է: