Մատչելիության հղումներ

«Սա բոլորիս համար մեծ հաջողություն է». Օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյան


Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն վնասված սարքի վրա մարզվելով Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում Հայաստանի համար պատմական արդյունքի հասավ՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Ընկերները պատմում են՝ Արթուրն անձամբ է վարպետ բերել այն վերանորոգելու ու զոդելու համար, նրա թիմակիցները նկատում են՝ Դավթյանի հաջողությունը ֆիլմի սցենար է հիշեցնում։

1969 -ին կառուցված ու մինչ օրս չհիմնանորոգված Ալբերտ Ազարյանի անվան մարզդահլիճում այսօր տոն էր, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրին էին դիմավորում՝ պայթուցիկներով, տորթով ու շամպայնով: Արթուրին շնորհավորեց եկել նաև լեգանդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։

Անկախացումից ի վեր այս մարզաձևում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճած հայ մարմնամարզիկը առաջին հերթին մարզիչներին է շնորհակալություն հայտնում, ասում է՝ միայնակ այսպիսի արդյունքի հասնել հնարավոր չէ:

«Սա բոլորիս համար մեծ հաջողություն է, որովհետև իրոք Սովետական Միությունից հետո սա առաջին մեդալն է, չգիտեմ, շատ հաջողակ մրցում է: Այս տարի իմ մոտ հաջողությունները շատ եղան, Եվրոպայի չեմպիոն դարձա, օլիմպիական բրոնզե մեդալակիր դարձա», - ասաց Դավթյանը:

Այս հաջողությունը 29-ամյա հայ մարզիկին հեշտ չի տրվել, խանգարող հանգամանքներ կային. «Համավարակն էր շատ մեծ խնդիր, որ պիտի պարապմունքներից հետո գնաս տուն, ոչ մի տեղ չգնաս, դիմակներով ման գաս, ինչքան էլ գիտենք, որ Երևանում համարյան ոչ ոք դիմակ չի կրում, բայց ես մրցումներից առաջ աշխատում եմ ոչ մի տեղ դուրս չգայի, չշփվեի, դիմակ կրեի, որ չվարակվեի»:

Խոսելով դահլիճային վատ պայմանների մասին՝ Արթուր Դավթյանը հույս է հայտնում՝ իր մեդալից հետո փոփոխություն կլինի։ Նա արդեն Փարիզ 2024-ում հաղթելու մասին է մտածում. Արթուրը Տոկիոյում էլ էր բաղձալի ոսկուն մոտ։

«Վերջին ցատկը եթե թռնեի ոնց որ առաջին օրը թռա, կկրեի, բայց դե մեր սպորտաձևն էլ դրանով է դժվար՝ մի հատ մի փոքր քայլը կարա առաջին տեղից մինչև 5-րդ, 6-րդ տեղ...., եթե նայում եք, այնտեղ երկու հոգի նույն գնահատականը ստացան, բայց մեկը առաջին տեղը գրավեց, մեկը՝ երկրորդ», - նշեց Արթուր Դավթյանը:

Տոկիո 2020-ում Հայաստանը ներկայացնող վերջին երկու մարզիկներն այսօր մրցահարթակ դուրս եկան, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պարտվեց կիսաեզրափակիչում ու արժանացավ բրոնզե մեդալի։ Ազատ ոճային ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը պարտվեց իր առաջին իսկ գոտեմարտում։ Արդյունքում Հայաստանի օլիմպիական հավաքականն իր ելույթները եզրափակում է երկու արծաթե, երկու բրոնզե մեդալներով ու ընդհանուր հաշվարկով այժմ 67-րդն է։

Ավելի վաղ արծաթե մեդալների էին արժանացել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Ռիոյի խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, հայ մարզասերներն, այդուհանդերձ, այս մարզիկներից ոսկե մեդալներ էին ակնկալում։

Տոկիոյի խաղերը տեղում լուսաբանող մարզական լրագրող Գևորգ Ղազարյանի գնահատմամբ հայ մարզիկները լավ արդյունք գրանցեցին. «Երկու արծաթ, երկու բրոզնե մեդալ, դա բավականին լավ արդյունք է, իհարկե, փոքրիկ վերապահումով, քանի որ մենք ոսկե մեդալի հույս ունեինք: Ունենք այնպիսի ձևերում մեդալներ, որոնցում մենք վերջին շրջանում՝ Ջավախյանից հետո բռնցքամարտում մեդալ չէինք ունեցել, Ալբերտ Ազարյանի տղայի՝ կրտսեր Ազարյանի 1980 թվականի հաջողությունից հետո էլ մարմնամարզությունում չէինք ունեցել: Առհասարակ այս օլիմպիական խաղերը կարելի է առանձին մի տեղ դնել հայկական մարզական պատմության մեջ, քանի որ, իրոք, բացառիկ նվաճումներ ունենք»:

Տոկիո 2020-ին Հայաստանը ներկայացավ 17 հոգանոց հավաքականով և ստացվում է՝ գրեթե յուրաքանչյուր չորրորդը մեդալակիր դարձավ: «Այստեղ խոսքը մի քիչ երևի թե այն մասին է, որ Սիմոն Մարտիրոսյանը պետք է ոսկե հաջողություն ունենար ու կարծում եմ ամբողջական կլիներ մեր մեդալային հաշվարկը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ, իդեալական կոմպլեկտ կլիներ», - ասաց մարզական լրագրողը:

2016-ին Ռիոյում կայացած խաղերում Հայաստանը նվաճել էր մեկ ոսկե, երեք արծաթե մեդալներ։

XS
SM
MD
LG