Մատչելիության հղումներ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը դժգոհ է օլիմպիական խաղերի մրցավարությունից


ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, արխիվ
ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, արխիվ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը դժգոհ է Տոկիոյում ընթացող ամառային 32-րդ օլիմպիական խաղերի մրցավարությունից։ Երեկ Հայաստանի հավաքականը չվաստակեց ակնկալվող ոսկե մեդալը, երբ նախորդ օլիմպիական խաղերի չեմպիոն ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը պարտվեց եզրափակիչում։

Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը պնդում է՝ հայ ըմբիշների նկատմամբ մրցավարական կողմնակալություն կար, ըստ նրա, հենց մրցավարները հայ մարզիկներին զրկեցին մեդալներից։

«Տեսեք՝ ինչ արեցին. փոխվեց մեկ մեդալի գույնը, 3 մեդալից էլ զրկվեցինք, երեքն էլ պատրաստ էին այսօր հաղթելուն։ Մեզ հաստատ զրկեցին մեդալներից։ Մեր թիմը այսօր քար ու քանդ արեցին։ Հիմա դա ում մտահաղացումն էր, չեմ կարող ասել։ Հարցեր կան, որ պետք է հասկանամ դեռ», - լրագրողների հետ զրույցում ասել է Ալեքսանյանը։

67 կիլոգրամ քաշային Կարեն Ասլանյանը երեկ քառորդ եզրափակիչում պարտվեց Եգիպտոսը ներկայացնող մարզիկին, հայ մասնագետները շեշտեցին՝ պատճառը մրցավարական սխալն էր, Ասլանյանի հնարքից հետո մրցավարները ֆիքսում են հայ ըմբիշի հաղթանակը, սակայն, մրցակցի բողոքարկումից հետո որոշումը վերանայվում է։ 77 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջեց Ադրբեջանը ներկայացնող մարզիկին։ Ռիոյի օլիմպիական խաղերի հաղթող 97 կիլոգրամ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը վնասվածքով մասնակցեց եզրափակիչ գոտեմարտին, զիջեց Ռուսաստանի ներկայացուցչին։

Մարզիչ Գևորգ Ալեքսանյանն ասել է՝ «Արթուրը մեկ ոտքով գորգ բարձրացավ ու այդպես դատեցին։ Խախտում չկար, բայց գտան մի բան»։

Ըստ ռուսական լրատվամիջոցների, Արթուր Ալեքսանյանը գոտեմարտից հետո ռուս լրագրողներին ասել է՝ պետք է ռուս լինես, որ հաղթես, ըստ էության, ակնարկելով մրցավարների կողմնակալությունը ռուսաստանցի մարզիկների օգտին։

Հանրայինի եթերում Օլիմպիական խաղերը մեկնաբանող Արմեն Գարամյանի գնահատմամբ՝ ըմբշամարտում Հայաստանի համար գործերը վատ դասավորվեցին, սակայն, հայ մարզիկների մեղքի բաժինը մեծ չէր. «Չեմ կարող ասել ինչն է պատճառը, Արթուր Ալեքսանյանը, ճիշտ է, վնասվածքով էր, բայց նա թույլ չտվեց իրեն գլորել, հետո ձեռքով թեթև հպում էր այնտեղ, կարելի էր չիջեցնել նորից պարտեր, բայց մրցավարները այդպես որոշեցին: Կարեն Ասլանյանի գոտեմարտն ընդհանրապես աբսուրդի ժանրից էր»:

Օլիմպիական ոսկու հավակնորդներից 109 կիլոգրամ քաշային ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը ևս երեկ չհասավ ակնկալվող ոսկե մեդալին և 423 կիլոգրամ արդյունքով միայն արծաթե մեդալի արժանացավ՝ 7 կիլոգրամ զիջելով Ուզբեկստանի ներկայացուցչին։ Սա նրա երկրորդ օլիմպիական արծաթն է, սակայն Տոկիո 2020-ում հայ մարզասերները Մարտիրոսյանից միայն ոսկի էին ակնկալում։

«Սիմոնն ինքն իրեն պարտվեց», - ասում է մարզական մեկնաբան Արմեն Գարամյանը:

«Հեշտ է հիմա խոսել, ասել՝ նա կարող էր մոտենալ 235 կգ-ին, բայց դա էլ է տարբերակ, իհարկե, կարող էր մոտենալ, բայց այնտեղ մրցակիցը՝ ուզբեկ ծանրորդը ձախողել էր երկրորդ մոտեցումը, մի քանի կգ էլ բարձրացրեց երրորդի համար և եթե չբարձրացներ, Սիմոնը դառնում էր օլիմպիական չեմպիոն, բայց իր մեջ ուժ գտավ 21-ամյա ծանրորդը, բարձրացրեց և կարող ենք ասել, որ արժանի հաղթանակ տոնեց տվյալ պահի դրությամբ: Սիմոնն էլ գիտենք՝ քաշի հետ կապված խնդիր է ունեցել, դժվար է քաշ գցել և իրեն թույլ է զգացել այդ օրը», - ասաց Գարամյանը:

Սիմոն Մարտիրոսյանը խոսել է իր ելույթի մասին: «Այս արդյունքի համար ոչ մեկ մեղավոր չէ, ո՛չ մարզիչները, ո՛չ մնացածը: Ուղղակի թույլ էի զգում ինձ ու չստացվեց, այսօր իմ օրը չէր։ Իմ նախատեսածից քիչ բարձրացրեց մրցակիցս, պարզապես ես վատ մասնակցեցի: Էլ ոչինչ փոխել չի լինի, այս խաղերն արդեն բաց թողեցի, դրա համար շատ չեմ վհատվում ու առաջ եմ նայում: Իմ երկրպագուներին ու սրտացավ մարդկանց, որոնք ինձնից ոսկի էին սպասում, կասեմ, որ շատ չտխրեն, ամեն ինչ դեռ առջևում է», - ասել է Մարտիրոսյանը։

Տոկիո 2020-ում Հայաստանի առաջին՝ բրոնզե մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անկեղծացել է՝ իր ելույթից գոհ չէ, սակայն նշել է՝ երրորդ հորիզոնականը իրենց համար ոսկե մեդալ է:

Օլիմպիական առնվազն բրոնզե մեդալ ապահոված բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը երկու օրից կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ համար դեռ շարունակվում են մրցումային օրերը, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև զգում եմ բոլորիդ աջակցությունը»։

Տոկիոյի խաղերում Հայաստանն այս պահին ունի երկու արծաթե ու մեկ բրոնզե մեդալներ և այս ցուցանիշով 58-րդն է, մեդալային հաշվարկով առաջատարը Չինաստանն է, որին հաջորդում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ու խաղերն ընդունող Ճապոնիայի հավաքականները։

XS
SM
MD
LG