Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ուղերձ է հղել Ադրբեջանին՝ հետ կանգնել կամ դիմագրավել պատժամիջոցներին. Բարսամյան


Միացյալ Նահանգների Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան օրերս կայացրած որոշումը՝ հաջորդ տարի սահմանափակել ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին, նախևառաջ քաղաքական իմաստ ունի և հստակ ուղերձ է Ադրբեջանին՝ դադարեցնել ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ, այլապես Վաշինգտոնը կդիմի պատժամիջոցների: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական ազդեցիկ կառույցներից մեկի՝ Ամերիկայի Հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանն է, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, և այդ երկրները ցանկանում են վստահ լինել, որ գործընթացին մասնակից կողմերը հավատարիմ են բանակցային գործընթացին։ Բոլոր կողմերը՝ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը, պետք է վերադառնան բանակցությունների սեղան։ Տեսնում ենք՝ Հայաստանը պատրաստակամ է վերադառնալ բանակցությունների սեղան։ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ագրեսիա է դրսևորում Հայաստանի նկատմամբ և շարունակում է ի ցույց դնել իր ագրեսիվությունը։ Կարծում եմ, Միացյալ Նահանգները՝ Ներկայացուցիչների տան նման որոշմամբ, հստակ ազդանշան է հղել Ադրբեջանին, որպեսզի այն հետ կանգնի նման վարքագծից, այլապես կսկսի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատամամբ», - նշեց Բարսամյանը:

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը մոտ մեկ շաբաթ առաջ՝ հուլիսի 28-ին ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց կոնգրեսական Ֆրենկ Փալոնի նախաձեռնած օրինագծին, ըստ որի հաջորդ տարի կսահմանափակվի ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին: Փաստաթուղթը, որին միացել էին թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրներ, արձանագրում է, որ 2022թ. բյուջով Ադրբեջանը չի կարող միջոցներ ստանալ Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման, ինչպես նաև Արտաքին ռազմական ֆինանսավորման հոդվածներով:

Այնուամենայնիվ, ուժի մեջ է մնում օրենքի մեկ այլ դրույթ, որով Բաքուն անցած տարիներին տասնյակ անգամներ ավելի շատ գումար է ստացել` ահաբեկչության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար: Անցած երկու տարում, մասնավորապես, այդ նպատակով Ադրբեջանին հատկացված գումարները կազմել են մոտ 100 միլիոն դոլար:

XS
SM
MD
LG