Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելը կվիճարկեն ՍԴ-ում


«Հայաստան» դաշինքի պատգամավորները Ազգային ժողովում, 2-ը օգոստոսի, 2021թ.
«Հայաստան» դաշինքի պատգամավորները Ազգային ժողովում, 2-ը օգոստոսի, 2021թ.

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրությունը վիճարկելու են Սահմանադրական դատարանում (ՍԴ)։ Պնդում են՝ ընտրությունը Սահմանադրության խախտմամբ է տեղի ունեցել։

«Չի կարելի ընտրություն անցկացնել՝ բացառելով մյուս թեկնածուների մասնակցությունը, և համարել, որ այդ ընտրությունները նորմալ, հավասար, մրցակցային պայմաններում են եղել», - ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Ընդդիմադիր խմբակցությունները երեկ Աժ նախագահի պաշտոնում առաջադրել էին «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի թեկնածությունը։ Կալանավորված թեկնածուների ներկայությունն ապահովված չէր, այնուամենայնիվ ընտրությունը տեղի է ունեցել և ընտրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Ալեն Սիմոնյանը։

Ռուստամյանը պնդում է՝ խախտվել է հավասար մրցակցության օրենսդրական պահանջը։ Ընտրության սահմանադրականությունը կասկածելի է. - «Ազգային ժողովը հաստատում է իր առաջին նիստին, որ այդ անձինք պատգամավոր են, բայց պատգամավորի լիազորությունները կասեցվում են ըստ էության։ Եվ սա, բնականաբար, աննորմալ վիճակ է։ Այդ աննորմալ վիճակը մենք փորձեցինք շտկել՝ ասելով, որ նաև սրա հիման վրա ձեր ընտրությունն է լինելու անօրինական, իրականում այդպես էլ եղել է»։

Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական գործեր հարուցվել են, երբ նրանք Սիսիանի ու Մեղրիի համայնքապետերն էին, կալանավորվեցին ընտրություններից օրեր անց։ Մեղադրվում են պաշտոնական դիրքր չարաշահման, պաշտոնական կեղծիք կատարելու համար։ Նրանց թիմակիցներն ու փաստաբանները պնդում են, որ պատգամավոր ընտրվելուց հետո ստացել են Սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիությունը և պետք է ազատ արձակվեն։ Անձեռնմխելիությունից կարող են զրկվել միայն խորհրդարանում։ Սակայն գլխավոր դատախազությունը հիմնավորում է, թե քրեական հետապնդումը սկսվել է պատգամավոր ընտրվելուց առաջ և նրանց նկատմամբ Սահմանադրության պահանջը չի գործում։

«Նրանք պատգամավորի կարգավիճակ ստացան մանդատ ստանալուց հետո, իսկ ձեր ասած փուլում իրենց ունեին այլ կարգավիճակ՝ թեկնածուի կարգավիճակ», - ասաց Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը։

Խորհրդարանական ընդդիմությունը Բարձր դատարանում ազատազրկված պատգամավորների անձեռնմխելիության հարցն էլ է վիճարկելու։ «Հիմա մենք Սահմանադրականից պահանջելու ենք էս պարզ հարցի պատասխանը, էն, ինչ որ մեզ անհեթեթ կերպով դատախազությունն է իբրև թե մեկնաբանում, որ անձեռնմխելիությունը հաղթահարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Անձեռնմխելիությունը պատգամավորի կարող է հաղթահարել միայն Ազգային ժողովը», - պնդեց Արմեն Ռուստամյանը։

Միայն «Հայաստան» դաշինքի ձայներն էլ բավարար են Բարձր դատարան դիմելու համար, բայց Հայաստանին կմիանա նաև «Պատիվ ունեմ»-ը։

«Վերահաստատելով այն գործընթացը, որ երեկվա ընտրությունների պրոցեսը տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես վիճարկելու է այդ գործընթացի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում», - ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը

Եթե թեկնածուները Ազգային ժողովում չեն եղել ու ելույթներ չեն ունեցել, դա դեռ չի նշանակում, որ նրանց ընտրվելու իրավունքը խախտվել է, հակադարձում է իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը. - «Բոլոր առաջադրված թենակծուների անունները ներառված էր քվեաթերթիկում, և ըստ էության իրենց իսկ առաջադրողները չեկան և չքվեարկեցին իրենց օգտին: Մենք չենք կարող բոլոր պարագայում երաշխավորել պատգամավորի քվեարկելու իրավունքը, որովհետև պատգամավորը կարող է լինել գործուղման մեջ, երկրորդ, հարգելի պատճառով բացակայի: Օրինակ՝ կալանավորված պատգամավորների նիստերին բացակայելը դիտարկվում է որպես հարգելի բացակա», - նշեց Վարդանյանը:

Կալանավորված պատգամավորների անձեռնմխելիությունը հաղթահարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, երբ նրանք դեռ թեկնածունեի էին, հիշեցնում է իշխանական պատգամավորն ու մեկնաբանում, թե Սահմանադրությամբ տրված անձեռնմխելիությունը գործում է, եթե ընտրվելուց հետո է քրեական հետապնդում սկսվում պատգամավորների նկատմամբ. - «Իմ լիազորությունները սկսել են երեկ, առավոտյան ժամը տասին, երբ որ գումարվել է Ազգային ժողովի առաջին նստաշրջանը»։

Արմեն Ռուստամյանի կարծիքով, անազատության մեջ գտնվող իրենց թիմակիցները հաշվեհարդարի զոհ են. - «Քաղբանտարկյալ են, հաշվեհարդարի զոհ են։ Էս ամեն ինչը, բնականաբար, չի կարող այսպես ավարտվել, ինքն իրան վերանալ։ Էս խնդիրը մենք հետապնդելու ենք բոլոր հնարավոր միջոցներով»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG