«Այսօր ավարտում եմ ծառայությունս ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուստամ Բադասյանը՝ նշելով՝ առաջիկա երկու օրերի ընթացքում կներկայացնի նախարարության կատարած աշխատանքը երկու տարվա ընթացքում՝ ըստ ոլորտների։
Բադասյանը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ ու ձեռքբերումներ արդարադատության ոլորտում։
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով նշանակվեց արդարադատության նախարար։
«Հարգելի քաղաքացիներ, վստահ եմ, որ դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտներում հաջողության գրավականը, մեր երազանքների պետության կառուցումը ամենօրյա բարդ, ինտենսիվ, լարված աշխատանքն է և պետական ինստիտուտների վերափոխումները, դրանց ամրապնդումը, ժողովրդավարական համակարգին արժանի գործիքակազմի հետևողական ներդրումը», - եզրափակել է Բադասյանը։
Ռուստամ Բադասյանը արդարադատության նախարարն էր 2019-ի հունիսից, մինչ այդ նա զբաղեցրել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը։ Մամուլն այսօր գրում է Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահ նշանակելու մասին։