Քաղաքական մեծամասնությունն ունի կամք իսկապես անկախ դատական համակարգ ունենալու գործում, այսօր Արդարադատության նախարարությունում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ այդ առումով շատ կարևոր է, որ արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են Կառավարության կողմից:
Վարչապետն այսօր Արդարադատության նախարարությունում էր՝ ներկայացնելու նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին։
Փաշինյանը նշեց, որ Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկություններով օժտված և պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի։
«Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ և այս ընթացքում իրեն դրսևորել է լավագույն կողմերից՝ ցուցաբերելով նաև կազմակերպչական բարձր ընդունակություններ, և ես շատ կարևոր եմ համարում որ այսօր՝ այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները», - ասաց վարչապետը։
Դիմելով նորանշանակ նախարարին՝ վարչապետն ընդգծեց՝ կարևոր է, որ նախարարությունում պոզիտիվ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի. - «Ես համոզված եմ, որ Դուք ի վիճակի եք նման մթնոլորտ ստեղծել, որպեսզի Արդարադատության նախարարությանը և համակարգին մոտիվացնեք պոզիտիվ, կրեատիվ և ինովացիոն ոճի աշխատանքի, և այս առումով Ձեզ և նախարարության բոլոր աշխատակիցներին հաջողություն եմ մաղթում»։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Արտակ Զեյնալյանին՝ կատարած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ Զեյնալյանն իր ներուժը և փորձը Հայաստանի պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կունենա։
Զեյնալյանն այսօրվա հանդիպմանը ներկա չէր, գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ արդարադատության նախկին նախարարը բացակայում է Հայաստանից։
Նշենք, որ Բադասյանը երեկ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց Արդարադատության նախարար։ Նա 28 տարեկան է, ծավալել է փաստաբանական գործունեություն, 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահի պաշտոնը, 2015 թվականից մինչև 2018-ի մայիսը աշխատել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում՝ որպես իրավաբան և գործընկեր, մասնագիտացած է հարկային իրավունքի և տնտեսական հանցագործությունների ոլորտում:
Ավելի քան մեկ տարի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արտակ Զեյնալյանը հունիսի 7-ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Մի քանի օր անց նա պարզաբանեց՝ նախարարի պաշտոնից հրաժարական տալու որոշում է կայացրել՝ «գնահատելով տեղեկատվական հոսքերը՝ մեդիայով և ոչ միայն մեդիայով»։