Մատչելիության հղումներ

«Պորտը կտրել էին մկրատով, ծունկը` ճղված». նորածնին թողել են դռան մոտ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Արցախի փողոցի 8/4 շենքում է Անահիտ Ավետիսյանի բնակարանը: Ինչ-որ մեկը հենց նրա հարկն ու նրա դուռն է ընտրել ընդամենը ժամեր առաջ ծնված աղջնակին թողնելու ու անհետանալու համար:

«Ոտքս կպավ յաշիկին, չէի նայել ներքև, փակ կառոկպա էր, բացեցի, տեսնեմ քռչոտ շորերով...: Երեխուն գրկեցի, արդեն չեմ հիշում` ինչ եմ արել:

Պորտը կտրել էին մկրատով, ըստ երևույթին ու տենց բաց էին թողել, որովհետև տակը լրիվ արյուն էր գնում: 5-6 տարեկանի ռետուզ էին հագցրել, ծունկն էլ` ճղված, մաշված, երեխի տոտիկը դուրս էր եկել այդ արանքից», - պատմում է կինը:

Նորածնի վիճակից դատելով՝ նա հենց երեկ է ծնվել ու կեսօրին արդեն լքվել: Տիկին Անահիտը արկղից հանել է, գրկել մի քանի ժամ, մինչև ոստիկանները, բժիշկներն են եկել. «Զանգեցինք, ասինք` կերակրենք, որովհետև լացում էր, ուտել էր ուզում, մատը դրել էր բերանը, ծծում էր»:

Նորածինն այժմ «Մուրացան» համալսարանական կլինիկայի մանկական ու նորածնային վերակենդանացման բաժանմունքնում է: Փոքրիկի վիճակը ծանր է, ասում է բաժանմունքի ղեկավար Հրանտ Կալենտերյանը, «բայց երեկվա համեմատ բարելավում կա»: Մասնագետի գնահատմամբ՝ փոքրիկը բնածին խնդիրներ չունի, այլ ծնվելուց հետո է անխնամ մնացել. «Եթե երեխան չի ծնվել ծննդատանը և գտնվել է արկղի մեջ անորոշ ժամանակով ինչ-որ մի շենքի մուտքում, ինֆեկցված է և ունի որոշակի խնդիրներ, առավել ևս, որ առաջին հետծննդաբերական օգնություն ցույց չի տրվել իրեն», - ասում է Կալենտերյանը:

Նորածնի մոտ վարակ կա՝ ենթադրաբար պորտալարից է անցել: Բժիշկ Կալենտերյանն ասում է՝ ամեն ինչ անում են, որ փոքրիկն ապաքինվի, ապրի. կարևոր են առաջիկա 72 ժամերը. «Այսօր նոր կսկսենք կերակրել, որովհետև այդ իրավիճակից ելնելով` երեկ դեռ չենք կերակրել»:

Այս դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, ծնողի ինքնությունը իրավապահները փորձում են պարզել: Եթե ամեն ինչ լավ լինի` աղջնակը լավանա, նա կտեղափոխվի մանկատուն: Ծնողը 3 ամիս ժամկետ ունի՝ եթե ցանկանում է հայտնվել ու երեխայի խնամքը ստանձնել, եթե ոչ, փոքրիկը կհաշվառվի որդեգրման ենթակա երեխաների բազայում:

Մի քիչ ջահել լինեի, կպահեի, ասում է նորածնին գտած կինը: Նա 3 որդի ու բազմաթիվ թոռներ ունի: Այս փոքր աղջիկն, ասում է, շատ սիրուն էր. «Սպիտակամորթ, մազերը` խիտ, երկար, մատերը, մաշկն այնքան բարակ էր»:

Տիկին Անահիտը հավատում է՝ իր գտածոյի՝ փոքրիկ աղջկա ճակատագիրը լավ է դասավորվելու: Ասում է՝ նրա բախտն արդեն բերել է` «եթե ես շուն չունենայի», նա չէր հաչա, իսկ եթե շունը չհաչար, փոքրիկը արկղում երկար չէր դիմանա:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG