Մատչելիության հղումներ

«Ինձ համար պատիվ էր հանդիպել Տիխանովսկայայի հետ», - ասում է Բայդենը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունում է Բելառուսի ընդդիմության լիդեր Սվետլանա Տիխանովսկայային, Վաշինգտոն, 28-ը հուլիսի, 2021թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունում է Բելառուսի ընդդիմության լիդեր Սվետլանա Տիխանովսկայային, Վաշինգտոն, 28-ը հուլիսի, 2021թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի վաղ առավոտյան Սպիտակ տանն ընդունել է Բելառուսի ընդդիմության լիդեր, նախագահության նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային:

Ընդ որում, արարողակարգի առումով դա կազմակերպվել է շատ բարձր մակարդակով՝ Սպիտակ տան տրամադրած հատուկ ներկայացուցչական մեքենան ուղեկցել են անվտանգության ծառայության աշխատակիցները: Կարծես, ամերիկյան վարչակազմն այդպես ընդգծել է, որ հյուրընկալում է ոչ թե Բելառուսի ընդդիմության ղեկավարին, այլ ժողովրդի ներկայացուցչին:

Հրավերն անսպասելի էր հենց Տիխանովսկայայի համար, ով աշխատանքային այցով է Ամերիկայում:

Մինչ այդ Տիխանովսկայան Վաշինգտոնում հանդիպել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, այցելել է նաև Սպիտակ տուն, որտեղ զրուցել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խոհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Ամերիկյան ուղևորության շրջանակներում Տիխանովսկայան հանդիպել է քաղաքական գործիչների, օրենսդիրների, վերլուծաբանների, բելառուսական սփյուռքի ներկայացուցիչներին հետ և Նյու Յորքում է գտնվել այն պահին, երբ ստացել է Վաշինգտոն վերադառնալու և Ջո Բայդենի հետ հանդիպելու առաջարկը:

Բուն հանդիպումը կարճատև էր՝ մոտ 15 րոպե, բայց դա, ըստ Տիխանովսկայայի, բավական էր հայրենիքում ստեղծված վիճակի մասին մոլորակի գերտերության ղեկավարին պատմելու համար:

«Ես դուրս եկա Սպիտակ տանից այն համոզումով, որ Միացյալ Նահանգները Բելառուսի ժողովրդի հետ է մարդու իրավունքների պաշտպանության հարցում, որ միլիոնավոր բելառուսցիների ձայնը լսվել է Վաշինգտոնում: Ջո Բայդենը նախագահ է, ով անտարբեր չէ Բելառուսի և բելառուսցիների ճակատագրի նկատմամբ: Նա գիտի, թե ինչ է կատարվում Բելառուսում, գիտի ռեժիմի գործադրած բռնությունների մասին», - հանդիպումից հետո ասել է Տիխանովսկայան «Ազատության» բելառուսական ծառայության թղթակցին:

«Ես նախագահ Ջո Բայդենին ասել եմ, որ բելառուսական հեղափոխությունը ոչ մի կապ չունի աշխարհքաղաքական զարգացումների հետ: Դա բելառուսցիների դեմոկրատական ընտրությունն է, և Միացյալ Նահանգների բարոյական պարտքն է սատարել մեզ», - նշել է Տիխանովսկայան:

Ինքը Բայդենը հանդիպումից հետո Թվիթերում գրել է, որ իր համար պատիվ էր հանդիպել Տիխանովսկայայի հետ:

Տիխանովսկայայի համոզմամբ՝ Բելառուսի ժողովրդի ներկայացուցչի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահի հետ պատմական է:

«Բելառուսցիներն աշխարհին հիացրել են, երբ անցած տարվա կեղծ ընտրություններից հետո խաղաղ ու կազմակերպված պայքար են սկսել ռեժիմի դեմ», - ասել է Բելառուսի ընդդիմության առաջնորդը:

Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը չեն ճանաչել 2020 թվականի օգոստոսին Բելառուսում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները:

Այդ «ընտրություններից» հետո սկսվել են բողոքի ակցիաներ, հազարավոր մարդիկ ձերբակալվել են, հարուցվել են հարյուրավոր գործեր, մեծ թվով մարդիկ դատապարտվել են ազատազրկման կամ տուգանվել են:

Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա շրջապատից տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանվել են միջազգային պատժամիջոցներ:

XS
SM
MD
LG