Անցած շաբաթ «Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ասաց, որ պաշտոնական Փարիզը պատրաստ կլինի քննարկել պաշտպանության ոլորտում հայկական իշխանությունների բոլոր հայտերը։ Նաև այս թեմայի շուրջ է Հրայր Թամրազյանը զրուցել Հանրային խորհրդի նախկին նախագահ, Ազգային ժողովի պատգամավորի նախկին թեկնածու, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում։
Ստորև՝ հատված հարցազրույցից․
«Ազատություն»․ - Ֆրանսիայի դեսպան Լաքոտի հայտարարությունը շատ հետաքրքիր է, սա նաև Ալիևին ցույց է տալիս, որ Ֆրանսիան, տեսնելով, որ Հայաստանը այդպիսի նեղ վիճակում է, հայտարարում է, որ պատրաստ է դիտարկել պաշտպանության բոլոր հայտերը։ Սրա մեջ ամեն ինչ կարող է լինել, չէ՞, տիեզերական, հետախուզական արբանյակների կիսումը Հայաստանի հետ․․․
Ստյոպա Սաֆարյան․ - Շատերը, իհարկե, փորձում են մեկնաբանել իբրև ֆրանսիական խաղաղապահների կամ զորքերի ուղարկում Հայաստան, ես, հանուն արդարության, այդպես չեմ դիտում։ Բայց մի բան ակնհայտ է, որ, 2011-12 թվականներն էր, համենայն դեպս, Ֆրանսիան սկսեց Վրաստանին արդեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր տրամադրել։ Ֆրանսիան, ես կարծում եմ, կարող է, և Հայաստանը կարող է ինքը նման համակարգեր խնդրել, առավել ևս, երբ այդ համակարգերը լավագույնս ինտեգրված են նաև Ֆրանսիայի տիեզերական, արբանյակային ծառայությունների հետ։
«Ազատություն»․ - Դե, Ֆրանսիան Եվրոպայի ամենազարգացած այդ իմաստով, առաջատար երկրներից մեկն է։
Սաֆարյան․ - Այո։ Ես ինչու եմ սա ասում՝ որովհետև Ֆրանսիայի հակաօդային պաշտպանության համակարգերը, առավել ևս՝ այնպիսի նորագույն սարքավորումներ, հինգերորդ սերնդի սպառազինությունների, ինչպես «Բայրաքթար»-ներն են թուրքական, որոնք շատ բարձր են թռչում և որոնց խոցելը խնդիր է, դիտարկելը խնդիր է, և այլն, և այլն՝ այս առումով, իհարկե, այդ համակարգերը, որոնք կապակցված են, Ֆրանսիայի հակաօդային պաշտպանության համակարգերը և նրանց արբանյակային ծառայությունները կարող են իսկապես պիտանի լինել, եթե հանկարծ Ադրբեջանը որոշի գնալ նոր արկածախնդրության, հերթական անգամ ուժով լուծելու իր խնդիրը, կամ ինչպես ինքն է ասում՝ «կանգնեցնող ինչպես այն ժամանակ չի եղել, այժմ էլ չի լինելու», այս հոխորտանքներին պետք է արձագանքել։
Երկրորդը, հիշում եք, Ֆրանսիայի նախագահի և մեր վարչապետի հեռախոսազրույցն էր, որի մասին պատմեց նա Ազգային ժողովում՝ բացահայտելով, որ Ֆրանսիան նաև ՄԱԿ-ի անունից պաշտպանության առաջարկ է արել։ Խոսքը ոչ միայն խնդիրը ՄԱԿ-ի շրջանակներ տեղափոխելն է՝ միջազգային սահմանների անձեռնմխելիության խախտման, այլ նաև ՄԱԿ-ի հովանու ներքո, ՄԱԿ-ի մանդատի ներքո դրա պաշտպանվածությունն ապահովելը։
Իհարկե, այստեղ բոլոր տեղերում ռիսկեր կան, որովհետև Ռուսաստանը ակնհայտորեն բարյացկամ չէ Ֆրանսիայի այս առաջարկներին․․․
«Ազատություն»․ - Բայց Ֆրանսիայի հենց այս առաջարկը կարող է ճնշում գործադրել, ըստ էության՝ սա ճնշում է նաև Ռուսաստանի վրա, որովհետև ակնհայտ է, որ այն, ինչին Ռուսաստանն այս պահին գուցե ցանկանում է հասնել, կարող է խափանվել Ֆրանսիայի առաջարկած այդ օգնության [հետևանքով]։ Եվ հիմա ստիպված Ռուսաստանը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի նա զսպի իր ախորժակները։
Սաֆարյան․ - Հարցի միջազգայնացումը, ինչպես այս վերջին ամիսներին քանիցս ասել ենք հրապարակավ, չի կարելի թողնել այդ խնդիրները Մոսկվա-Անկարա-Բաքու այդ եռանկյունու մեջ։ Իհարկե, գիտակցելի է, որ մենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից չենք կարող դուրս գալ, դա շատ թանկ կարժենա՝ դա նշանակում է, ըստ էության, հայտարարել, որ պատերազմը շարունակում ես, բայց նաև չի կարելի խնդիրները՝ մեր ունեցած խնդիրները, որոնք լուծելի են միջազգային աջակցությամբ, որոնք լուծելի են միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում, անթույլատրելի է թողնել այդ եռանկյունու ներսում։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․