Մատչելիության հղումներ

Շիրակում պաշտոնեական կեղծիքների և 41 միլիոն դրամ հափշտակելու դեպք է բացահայտվել, հարուցվել է քրգործ


ԱԱԾ շենքը Երևանում
ԱԱԾ շենքը Երևանում

Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Գյումրու համայնքապետարանի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում պաշտոնեական կեղծիքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 41 միլիոն 800 հազար դրամ հափշտակելու դեպք է բացահայտվել, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Ըստ հաղորդագրության՝ «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց»-ի տնօրենը, նախնական համաձայնության գալով դպրոցի հաշվապահի հետ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ՝ 2012-2019 թվականների ընթացքում ընդհանուր թվով 9 անձի հրամանագրել են տարբեր հաստիքներում և նրանց աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա դրանք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են վճարման, որի արդյունքում աշխատավարձ վճարելու նպատակով Շիրակի մարզպետարանի գույքային ֆոնդից նշված անձանց անվամբ անհիմն կարգով ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 23 միլիոն 800 հազար դրամ գումար, որն, ինչպես ԱԱԾ-ն է նշում, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակվել է հանցավոր խմբի անդամների կողմից։

ԱԱԽ-ն նշում է, որ մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը 2001-2019 թվականների ընթացքում զբաղեցնող անձինք, նախնական համաձայնության գալով նույն կազմակերպության հաշվապահի հետ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարբեր հաստիքներում որպես աշխատակիցներ վերը նշված տարիներին հրամանագրել են ընդհանուր թվով 10 անձի, որից հետո, վերջիններիս աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա այդ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են վճարման, որի արդյունքում աշխատավարձ վճարելու նպատակով Գյումրու համայնքապետարանի գույքային ֆոնդից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն կարգով ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 18 միլիոն դրամ գումար, որն, ըստ Ծառայության, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակվել է հանցավոր խմբի անդամների կողմից:

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործեր Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի [Պաշտոնեական կեղծիք]1-ին մասով և Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի [Յուրացնել կամ վատնել] 3-րդ մասի 1-ին կետով։

Ձեռնարկվում են միջոցառումներ նշված կազմակերպություններում կոռուպցիոն մեխանիզմն ամբողջությամբ բացահայտելու, պետությանն ու համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG