Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան. Առանց հանցագործություններ կոծկած իրավապահներից համակարգը մաքրելու բարեփոխումներ հնարավոր չեն


Իրավապահ համակարգում էական բարեփոխումներ չիրականացնելուց հետո Հայաստանի ղեկավարը այժմ էլ շնորհակալություն է հայտնում դատախազությանը կատարած աշխատանքի համար, ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ու կրկին հայտարարում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարող այս ոլորտում էական բարեփոխումներ կատարել առանց համակարգը մաքրելու նախկինում հանցագործություններ կոծկած իրավապահներից։

«Ովքե՞ր են եղել այդ հանցագործությունների հովանավորողները, հովանավորողների, հովանավորության մի մասը եղել է հենց այդ իրավապահ կամ արդարադատություն իրականացնող մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները: Իրենք չեն տեսել, կամ իրենք նման հրահանգ չեն տվել` բացահայտել, աշխատել այդ ուղղություններով, այսինքն` իրենք իրենց հովանավորած հանցագործությունները այսօր պետք է բացահայտեն, և փաստացի իրենք իրենց դեմ մեղադրանքներ առաջադրեն», - ասում է իրավապաշտպանը:

Վարչապետի պաշտոնակատարը երեկ դատախազության 103-ամյակի և դատախազի օրվա կապակցությամբ շնորհակալություն էր հայտնել իրավապահներին կատարած աշխատանքի համար, որոշ դատախազների էլ արժանացրել պարգևների։

Փաշինյանի շնորհակալական խոսքի առաջին մասը վերաբերում էր արտահերթ ընտրությունների ընթացքում իրավապահների կատարած աշխատանքին։

«Այս ժամանակաշրջանում հատկապես ուզում եմ ընդգծել, որ մեր իրավապահ համակարգը, որտեղ դատախազությունն ունի խաչմերուկային նշանակություն, ըստ էության, կատարեց իր առջև դրված խնդիրը, այն է` ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում», - նշել էր Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը երեկ նաև խոսել է երեք տարի առաջ իր առաջնորդած հեղափոխությունից հետո դատաիրավական համակարգում այդքան անհրաժեշտ բարեփոխումներից, ընդգծել, որ 2018-ին ձևավորված իշխանությունը հրաժարվեց թելադրել դատաիրավական համակարգին, ինչի համար էլ իր կառավարությունը պարբերաբար արժանանում էր քննադատության հատկապես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների կողմից. «Բայց իմ համոզմունքը նա է, որ եթե վճռական քայլեր չեն արվում՝ դատաիրավական համակարգի ինստիտուցիոնալ կայացման ճանապարհին, հընթացս իներցիան սկսում է ավելի ու ավելի մեծ տեմպերով գերակշռել, ու արդյունքում ոչ մի փոփոխություն մենք չենք ունենում»:

«Իրականում թիվ մեկ հարցը, որ պիտի հնչեցվեր վարչապետի կողմից դեռևս 2018 թվականին, պիտի լիներ, թե ի՞նչ եք արել այսքան տարի, որ այս չափի, այս մասշտաբի կոռուպցիա է զարգացել, և այս չափի հանցագործություններ են տեղի ունեցել պետության ու պետականության դեմ, և դրանց վերաբերյալ որևէ քրեական գործ մինչև այս պահը չկա գրանցված», - շեշտում է Նինա Կարապետյանցը:

Մինչդեռ նախկին տարիների հանցագործությունների հովանավորների թվում է նաև ներկայիս գլխավոր դատախազը, որն այժմ զբաղված է ապօրինի գույքի բռնագանձման գործերով, պնդում է Կարապետյանցը. «Ես կարծում եմ, որ այդ թվում նախկին և ներկա գլխավոր դատախազներն անմասն չեն եղել այս գործողություններին, որովհետև չի կարելի անցնել, օրինակ, Մանումենտի այս մեծ, շքեղ տների կողքող, չի կարելի տեսնել, թե ինչ կառույցներ, ինչ շինություններ, ինչ ծախսեր են անում առանձին պետական պաշտոնյաները հատկապես ու մնալ այդպես անտարբեր, եթե դու չունես հետաքրքրվածություն, շահագրգռվածություն այդ ամեն ինչը չտեսնելու»:

Երեկ համացանցում տարածվեց մի առանձնատան լուսանկար, որը վերագրվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Ընդդիմադիր Արսեն Բաբայանն էր Ֆեյսբուքի իր էջում գրել՝ 800 հազարից մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար արժեցող առանձնատունը որտեղի՞ց Դավթյանին, երբ նա զբաղեցրել է բացառապես պետական պաշտոններ։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ դատախազությունը դեռ 2017-ին է պատասխանել այս և մյուս հարցերին, իսկ երկու տարի առաջ էլ գլխավոր դատախազն է խոսել խորհրդարանում, երբ ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանն էր հարցրել դատախազին նրան պատկանող գույքի մասին։

«Դա ձեռք եմ բերել, եթե չեմ սխալվում, կամ 13 թվականին: Ուզում եմ ասել` այդ ամեն ինչը հայտարարագրում հստակ կա` և՛ դրա ձեռքբերումը, և՛ հետագայում թե ինչ միջոցներով եմ կարողացել այդ բնակարանը կառուցել: Ուրեմն բնակարանի արժեքի առումով էլ եթե որևէ մեկը տեսել է այդ նկարը, և իրեն հետաքրքրում է, կարող եմ ճարտարապետներին ասեմ: Խաբեցին ձեզ այդ թիվը, բազմապատկված էր: Կարող եմ շինարարներին խորհուրդ տալ, կգան, ձեզ համար դա կանեն: Կես միլիոն կարծեմ ասվեց չէ՞, բայց ուզում եմ հետրևյալն ասեմ` այսօրվա իմ պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում եթե ես ունենամ հետ նայելիս որևէ մտահոգիչ փաստ, դա կլինի թե մասնագիտական դաշտում, թե կենցաղային և բարոյական դաշտում: Ես ուղղակի ժամ առաջ կգնայի, իմ հանգիստ կյանքով կապրեի», - խորհրդարանում ասել էր Արթուր Դավթյանը:

Երեկվա հանդիպմանը 2016 թվականից պաշտոնավարող գլխավոր դատախազը շեշտել է` հասարակության աչքերի առջև կերտվում է անկախության ու չեզոքության, հանրային հաշվետվողականության սկզբունքների վրա հիմնված դատախազությունը։

XS
SM
MD
LG