«Պատիվ ունեմ» դաշինքը չի պլանավորում դառնալ փողկապավոր խորհրդարանական ընդդիմություն, որը սահմանափակվելու է միայն քաղաքական բանավեճով, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանն՝ ընդգծելով՝ քաղաքական բանավեճ վարում են դրան ունակ ուժերի հետ։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց՝ «Պատիվ ունեմ»-ը չի խորշելու փողոցային պայքարից, կամ ցանկացած այն գործիքակազմից, որն անհրաժեշտ կլինի Հայաստանի փրկության համար։
Հայկ Մամիջանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Թեև Դուք պնդում եք, որ ձեր դաշինքը և «Հայաստան» դաշինքը ընդհանուր շահեր են հետապնդում, մի քանի անգամ եք այդ մասին ասել, բայց ակնհայտ է, որ նման տարաձայնություններ ի վերջո ձեր երկու դաշինքների միջև կան։ Օրինակ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանն ասում է, որ պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ՝ պետության համար կարևորություն ունեցող հարցերում, բայց «Հայաստան» դաշինքը կտրականապես մերժում է որևէ համագործակցություն։ Մենք տեսնում ենք, որ նման բան կա ի վերջո։
Հայկ Մամիջանյան․ - Պարոն Վանեցյանն իր խոսքում, կարծում եմ՝ մեջբերում եք Հանրայինին տված հարցազրույցը, նշեց, որ «համագործակցության ֆորմատ՝ դասական քաղաքական, քաղաքագիտական իմաստով, մենք էս ռեժիմի հետ չունենք»։ Եթե խոսքը գնում է արտաքին այս կամ այն վտանգների առաջ համատեղ խրամատում գտնվելու մասին, կարծում եմ՝ էդ պարագայում յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի գտնվում է նույն խրամատում և անում է իր գործը․ զինվորն անում է զենքով, պատգամավորն անում է պառլամենտում և այլն, կարող ենք երկար շարունակել, այնպես որ համագործակցություն դա անվանել գործող ռեժիմի հետ ճիշտ չէ, բացատրեմ այն տրամաբանությամբ, որ Աստված մի արասցե, սկսվեց պատերազմ, բոլորս հայտնվելու ենք խրամատում, ոչ մեկ կուսակցական պատկանելիությանը չի նայելու։ Ինչ վերաբերվում է մեր և «Հայաստան» դաշինքի հակասություններին, բնականաբար, նույնիսկ «Հայաստան» դաշինքի մեջ մտնող քաղաքական ուժերի պարագայում, չեմ կարծում, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Վերածնունդը» և երկրորդ նախագահի քաղաքական հենարան հանդիսացող թիմը բոլոր հարցերում միակարծիք են, նույնիսկ կուսակցությունների ներսում բազմակարծություն կա, բայց նպատակը, Դուք ճիշտ նշեցիք, շարունակում է մնալ մեկը երկուսի համար էլ, այն է՝ ազատել Հայաստանն առկա իշխանություններից և վերադարձնել արժանապատվությունը։
«Ազատություն»․ - Պարզապես նաև մեթոդների միջև տարբերություններ կան։ Դուք, այո՛, ցանկանում եք որպեսզի հասնեք իշխանության, բնական է, ցանկացած ընդդիմություն պետք է ձգտի դրան, իսկ ահա «Հայաստան» դաշինքը պատրաստ է օգտագործել այդ ճանապարհին ցանկացած մեթոդ։
Հայկ Մամիջանյան․ - Ես, ճիշտն ասած, մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչով են մեր ունեցած մեթոդների պատրաստակամությունը տարբերվում «Հայաստան» դաշինքից, բայց պիտի, որպես ապացույց ասածներիս, նշեմ, որ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ հանդիսացող «Հայրենիք» կուսակցությունը և Հանրապետական կուսակցությունն անցած շրջանում՝ արդեն ութ ամիսների շրջանում, ապացուցել են, որ մենք վախեցողներից չենք։ Փողոցային պայքարի ժամանակ շարժիչ ուժն էինք հանդիսանում և դա ոչ մեկ հերքել չի կարող, քաղաքական բանավեճի ժամանակ վարում էինք քաղաքական բանավեճ, ընտրարշավի ժամանակ, մեզ պարտադրված ընտրարշավի պարագայում, որովհետև մենք բազմիցս նշել ենք, որ էս ընտրությունները լուծում չէին, օգտագործում էինք քաղաքական և ընտրարշավին բնորոշ գործիքակազմ։
«Ազատություն»․- Բայց ցույցերն օրինական մեթոդ են։
Հայկ Մամիջանյան․ - Ոստիկանությունն ու քննչականը, մեր պարագայում էդպես չի համարում, յուրաքանչյուրիս վրա մի քանի քրեական գործ կա կապված էդ ցույցերի հետ, բայց ես մի անգամ էլ եմ ասել, նորից կասեմ ու անդադար եմ ասելու՝ մենք չենք պլանավորում դառնալ փողկապավոր խորհրդարանական ընդդիմություն, որը սահմանափակվելու է միայն քաղաքական բանավեճով, որովհետև քաղաքական բանավեճ կարելի է վարել այն ուժերի հետ, որոնք դրան ունակ են։
«Ազատություն»․ - Բայց թևերը չեք էլ քշտելու չէ՞, կարծեմ։
Հայկ Մամիջանյան․ - Ես կոստյումով էլ եմ կարողանում լավ փողոցային պայքար վարել, ինձ թևեր քշտել պետք չէ։ Այնպես որ որևէ մեկի մտքով չանցնի, որ «Պատիվ ունեմ» դաշինքը խորշելու է փողոցային պայքարից, կամ ցանկացած այն գործիքակազմից, որն անհրաժեշտ կլինի Հայաստանի փրկության համար։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև