Մատչելիության հղումներ

Սյունիքում պետության մեջ պետություն էին ստեղծում, դրա ջախջախումը պետականաստեղծ պրոցես է, հայտարարում է ՔՊ-ական պատգամավորը


Մարդիկ, օրինակ, Սյունիքում, պետության մեջ պետություն էին արդեն փորձում ստեղծել, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Պապոյանը։

Այդ «գործընթացի ջախջախումը», պատգամավորը ոչ թե որոշ անձանց նկատմամբ հետապնդում է համարում, այլ «պետականաստեղծ պրոցես»։

Պապոյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ընդդիմության հետ ձեր ապագա աշխատանքի մասին եմ ուզում խոսել․ մենք տեսնում ենք, որ ձերբակալվում են, կալանավորվում են մարդիկ, ովքեր «Հայաստան» դաշինքի պատգամավորական թեկնածու են եղել և ընդդիմությունը պնդում է, որ դաշինքի անդամները քաղաքական հալածանքների են ենթարկվում, որ անազատության մեջ գտնվող «Հայաստան» դաշինքի անդամները քաղաքական բանտարկյալներ են, համաձա՞յն եք։

Գևորգ Պապոյան․ - Ըստ քրեական գործերի՝ այդ մարդկանց մի մասը չարաշահումներ է արել, մի մասը կոռուպցիայով է զբաղվել։

«Ազատություն»․ - Բայց ինչո՞ւ են հենց հիմա ձերբակալվում։

Գևորգ Պապոյան․ - Շարունակեմ միտքս՝ մեկ այլ հատված կաշառք է բաժանել և, կարծում եմ, որ, կներեք, բայց ծիծաղելի է ընտրակաշառք բաժանողին, կոռուպցիայով զբաղվողին, մարդկանց ստիպողաբար ընտրության ուղարկող մարդկանց, որոնք ըստ էության բդեշխների են վերածվել իրենց տարածքներում, ժամանակի ընթացքում այդ մարդկանց քաղբանտարկյալ, կամ քաղհալածյալ համարել։ Եվ, գիտեք, անգամ այդ պարագայում, անգամ այդ ճնշումների պարագայում հենց նույն սյունեցիները տվեցին արժանի պատասխան այդ մարդկանց, և այսօր, եթե նկատել եք, բացի մի քանի սահմանափակ թվով մարդիկ, որոնք «Հայաստան» դաշինքի անդամներ են, բացի իրենցից, ժողովրդի մեջ ոչ ոք չի համարում, որ այդ մարդիկ քաղբանտարկյալներ են։ Ես էդ մարդկանց քրեական գործերին ծանոթ չեմ, բայց ամեն դեպքում մտնենք սովորական ժողովրդի մեջ և հարցնենք, ես մեկին չգիտեմ, որ այդ մարդկանց համարում է քաղբանտարկյալ։ Քաղբանտարկյալը 2008 թվականի մարտի 1-ից հետո բանտերում հայտնված մարդիկ էին, իմ կարծիքով, պետք չէ այստեղ հավասարության նշան դնել։

«Ազատություն»․ - Քաղաքական գործունեության համար ձերբակալվածներ։

Գևորգ Պապոյան․ - Իհարկե։

«Ազատություն»․ - Այնուամենայնիվ, իրենք հավատացած են, որ իրենց անդամները և «Հայաստան» դաշինքը ճնշումների է ենթակվում ընդհանրապես ոչ միայն այդ անդամների մասով, այլ ընդհանուր։ Օրինակ, Սահմանադրական դատարանի դիմումներում, բողոքներում նրանք նշում էին, որ պայմանները հավասար չէին, ազատ չէր ընտրությունը։

Գևորգ Պապոյան․ - Եկեք այսպես ասենք՝ երկրում օրինականության վերականգնման գործընթացը և պետության մեջ պետություն ստեղծելու գործընթացի ջախջախումը չհամարենք ճնշումներ։

«Ազատություն»․ - Ի՞նչ նկատի ունեք՝ պետության մեջ պետություն։

Գևորգ Պապոյան․ - Մարդիկ պետության մեջ պետություն էին արդեն փորձում ստեղծել։

«Ազատություն»․ - Նկատի ունեք Սյունի՞քը։

Գևորգ Պապոյան․ - Այո՛, նաև Սյունիքում, և այդ գործընթացի ջախջախումը ես կհամարեմ պետականաստեղծ պրոցես և ոչ թե որոշ անձանց համար հետապնդում։

«Ազատություն»․ - Տեսեք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը ստուգման ենթարկելը, վերահսկողական ծառայությունից այնտեղ այցելում են, ստուգում են, ինչո՞ւ է հիմա դա կատարվում, ամբողջ հարցը դա է, ինչո՞ւ դա չեղավ մինչև ընտրությունները։ Հիմա պարզապես ուզում եք ապացուցել, որ այ պողպատյա մանդատ ունեք և հիմա տեսեք ինչ ենք անելու, թե՞՝ հիմա է հնարավոր, հիմա եք անում։

Գևորգ Պապոյան․ - Մենք ի՞նչ խոստում ենք տվել նախընտրական քարոզչության ընթացքում ժողովրդին, այդ թվում՝ Սյունիքում, մենք ասել ենք, որ «ունենք բազմաթիվ հարցեր, ինչպես նաև դուք, և եթե դուք մեզ տաք մանդատ, մենք այդ մանդատով պարզելու ենք այդ հարցերը» և սա այդ ստացած մանդատի իրագործման գործընթացն է, մենք այլ բան չենք խոստացել մեր ժողովրդին, մենք ասել ենք՝ «գալու ենք և ձեր տված բոլոր հարցերի հետևից գնալու ենք ու պարզելու ենք՝ որտեղ կա օրինականություն և որտեղ՝ չկա»։

Պապոյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG