Մատչելիության հղումներ

«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները


«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները, «Ազատությանը» հայտնեց դաշինքի ներկայացուցիչ, ցուցակի երկրորդ համար Իշխան Սաղաթելյանը։

Երեկ երեկոյան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ պատգամավորական մանդատը չի վերցնի։ Արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել նրա ինքնաբացարկի դիմումը։

Քոչարյանն իր որոշումը բացատրել է նրանով, որ իր բնավորությամբ գործադիր իշխանության մարդ է՝ չնայած ժամանակին եղել է պատգամավոր թե' Արցախի, թե' Հայաստանի խորհրդարաններում։ Նա նաև հիշեցրել է, որ ինքն առաջադրվել էր որպես «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու։

«Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում շեշտել, որ Ազգային Ժողով իմ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։ Ֆրակցիան Դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ Դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետևողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին», - նշել է Քոչարյանը հայտարարության մեջ։

Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ֆրակցիան դաշինքի ներկայությունն է Ազգային ժողովում, նշանակում է, որ դաշինքն արդեն վերջնական որոշում ունի մանդատները վերցնելու վերաբերյալ։

Դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հաստատեց. - «Այո, մենք որոշում ունենք, որ մանդատները վերցնելու ենք։ Այդ առթիվ քիչ ուշ հանդես կգանք հայտարարությամբ»։

Ռոբերտ Քոչարյանից բացի, «Հայաստան» դաշինքից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Մարիաննա Եփրեմյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 16 թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Անահիտ Ավանեսյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Հակոբ Սիմիդյանը, Գնել Սանոսյանը, Համբարձում Մաթևոսյանը, Դիանա Գասպարյանը, Դավիթ Գևորգյանը, Նարեկ Մկրտչյանը, Արամ Խաչատրյանը, Արմեն Փամբուխչյանը։

Նիկոլ Փաշինյանից բացի, ով «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածուն է, առայժմ հայտնի է միայն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 2,5 տարի ղեկավարած Լիլիթ Մակունցը նշանակվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսապան։ Այդ մասին դեռ երեկ հայտարարել էր ՔՊ ներկայացուցիչ Հրաչյա Հակոբյանը։ Թե ՔՊ ցուցակից ովքեր են գնալու գործադիր, կուսակցությունից դեռ չեն հստակեցնում, սակայն ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուների մեծ մասը գործադիրում ու մարզերում գործող, կամ նախկին պաշտոնյաներ են՝ նախարարի պաշոտնակատարներ, մարզպետներ ու քաղաքապետներ։

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» դաշինքին, ապա դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը ասաց, որ առայժմ հստակ հայտարարություն չեն կարող անել Ազգային ժողով գնալ-չգնալու վերաբերյալ։

Կենտրոնական ընտրական հանձննաժողովը երեք օր է տվել ինքնաբացարկի դիմումների համար, վերջնաժամկետը լրանում է վաղը երեկոյան ժամը վեցին։

XS
SM
MD
LG