Աշնանը Հայաստանը ձեռք կբերի Johnson & Johnson-ի արտադրած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 հազար դեղաչափ: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Johnson & Johnson-ի պատվաստանյութը կիրառվում է մեկ ներարկմամբ:
Ըստ նախարարի՝ 300 հազար դեղաչափ էլ Novavax-ի արտադրության պատվաստանյութ կներկրվի Հայաստան: Սա երկանգամյա ներարկումով է արվում:
Ավանեսյանի փոխանցմամբ՝ հունիսի 8-ի դրությամբ Հայաստանում 103 հազար 317 պատվաստում է արվել, պատվաստվել է բնակչության շուրջ 3,5 տոկոսը: Պատվաստումներից 74 հազար 479-ը առաջին դեղաչափ է, 28 հազար 838-ը՝ երկրորդ: 39 հազար 875 պատվաստումն արվել է AstraZeneca-ով, 22 հազար 875-ը՝ Coronavac-ով, 40 հազար 567-ը՝ Sputnik V-ով:
Նախարարը նաև նշեց, որ կրթական հաստատություններում դասերը կլինեն հեռավար, եթե ուսուցիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատվաստված չլինեն:
Իսկ սպասարկման ոլորտում, ըստ Ավանեսյանի, եթե աշխատակիցները պատվաստած չլինեն, ստիպված կլինեն անընդհատ ՊՇՌ թեստ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) հանձնել:
Այլ մանրամասները՝ քիչ անց