Մատչելիության հղումներ

Օձունի գյուղապետին ծեծելու առթիվ հարուցված քրեական գործում դեռ բացահայտումներ չկան


Օձուն համայնքի ղեկավարին մարզպետարանում ծեծելու փաստի առթիվ հարուցված քրեական գործում մեկ ամիս անց դեռ բացահայտումներ չկան։

Համայնքապետ Արսեն Տիտանյանը շարունակում է պնդել, որ մարզպետը պահանջել է հրաժարականի դիմում գրել, և որ մերժում ստանալուց հետո մարզպետարանի միջանցքում ծեծի են ենթարկել իրեն։ Մարզպետն էլ հակադարձում է, թե ընտրություններին ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին աջակցած համայնքապետը զրպարտում է, քաղաքական նպատակներով փորձում անվանարկել իրեն։

Պարզվում է, որ մարզպետարանի միջանցքում տեղադրված նկարահանող սարքը, որը կարող էր էական ապացույց լինել իրողությունը բացահայտելու համար, այդ օրը չի աշխատել։ Թեև քննիչներն առգրավել են, բայց նախաքննության համար որևէ նշանակություն ունենալ չի կարող։ Այս մասին այսօր «Ազատությանը» հայտնեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը. - «Տեսախցիկները մի ամիս կամ... լավ չեմ հիշում, ինչ-որ տեխնիկական խնդիրներ կա, պետք է տանեն մասնագետի մոտ, վերանորոգեն»։

Հունիսի 20-ի ընտրությունների հաջորդ օրն էր։ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը մարզպետի աշխատասենյակում է եղել։ Դուրս գալուց հետո, ըստ ոստիկանություն ներկայացրած իր բողոքի, մի խումբ աշխատակիցներ հարձակվել են իր վրա, հարվածել ու վնասվածքներ պատճառել։

Մարզպետը հերքում է թե՛ ծեծելու մասին պնդումները և թե՛ այն, որ հրաժարական է պահանջել 13 տարվա համայնքապետից, թեև միջադեպից երկու օր անց «Ազատությանը» տված հարցազրույցում մարզպետը հայտարարեց, թե ընտրություններում պարտություն կրած ուժերին սատարած համայնքապետերը պետք է հրաժարական տան։

Օձունի համայնքապետը «Ազատությանն» ասել էր՝ ոչ մի դեպքում մտադիր չէ հրաժարվել իր պաշտոնից մինչև հաջորդ տարվա աշուն, երբ կլրանա իր պաշտոնավարման ժամկետը։ Թեև Արսեն Տիտանյանը հրաժարական չտվեց, բայց երեկ արդեն հայտնի դարձավ, որ Լոռու մարզի 4 այլ համայնքի ղեկավարներ հրաժարականի դիմում են գրել։ Երկարամյա պաշտոնից հրաժարված համայնքապետերը հիմնականում պատճառաբանում են իրենց առողջական վիճակով։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պնդում է՝ ինքն այդ հրաժարականների հետ որևէ առնչություն չունի, և իր քաղաքական հայտարարության հետ դրանք կապ չունեն. - «Ես մեկը մյուսի հետ չեմ կապում։ Այդ մարդիկ իրենց դիմումի համաձայն են գրել և բովանդակությանն էլ երևի արդեն ծանոթ կլինեք»։

Մեկ ամիս առաջ Արամ Խաչատրյանը նաև պնդել էր, որ շուտով լոռեցիները, յուրաքանչյուրն իր համայնքում, կզգա իշխանության կողմից խոստացված պողպատյա մանդատի ուժը։ Նա, առանց համայնքներ, անուններ ու պաշտոններ մատնանշելու, ասել էր, թե կան մարդիկ, որոնք նախընտրական շրջանում բռնացել են քաղաքացիների ազատ կամքի վրա, արգելել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին, ճնշումներ գործադրել ու սպառնացել ընտրողներին: Խաչատրյանը նշել էր՝ դա անպատիժ չի մնալու։

Այսօր Խաչատրյանին հարցրեցինք՝ արդյո՞ք խոստացված պողպատե մանդատը մեկ ամիս անց կիրառվեց Լոռիում։ Ասաց՝ դրա համար ժամանակ է պետք, մեկ ամիսը քիչ է. - «Մեկ ամիս է անցել ընտրություններից, մոտ ապագայում մարդիկ կզգան իրենց մաշկի վրա, իրենց համայնքներում այդ պողպատե մանդատի ուժը»։

Երեկ հրաժարական ներկայացրած Մհեր Գևորգյանի ղեկավարած համայնքում՝ 7 գյուղ միավորած Գյուլագարակում բնակիչներն ասում էին՝ ընտրություններն այստեղ հանգիստ են անցել, նախընտրական շրջանն՝ առանց ճնշումների։ Գյուլագարակի համայնքապետ Մհեր Գևորգյանը 20 օր առաջ «Ազատությանն» ասել էր՝ ոչ մի դեպքում հրաժարական չի տա, մինչդեռ, երեկ հրաժարականի դիմում գրեց ու հեռացավ պաշտոնից։

Մեկ տարի առաջ ևս Մհեր Գևորգյանը հրաժարականի դիմում էր գրել: Այդ հարցով ավագանին նիստ էր գումարել, որտեղ համայնքի ղեկավարը հայտարարել էր, թե Լոռու այն ժամանակվա մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է իրեն հարկադրել հրաժարվել պաշտոնից: Մի քանի ժամ անց, այդուհանդերձ, Գևորգյանը մտափոխվել էր ու հրաժարականի դիմումը հետ վերցրել։

XS
SM
MD
LG