Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ 2 տարի շարունակ կառավարությունն ընթացք չի տվել քաղաքապետարանի ներկայացրած նախագծին. կառավարությունից պատասխանել են


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Ինչո՞ւ 2 տարի շարունակ կառավարությունն ընթացք չի տվել քաղաքային իշխանության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել դեռ 2006-ին ընդունված՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու» մասին կառավարության որոշման մեջ՝ բացառելով հանրային տարածքում ապօրինի շինարարությունը։ Քաղաքապետարանից ասացին, որ 2019-ի սկզբին են նախագծի առաջարկն ուղարկել կառավարություն։

«Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան` կառավարությունից հայտնում են, որ առաջարկը ստացել ու 2019-ի ապրիլին ուղարկել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որը սահմանված կարգով ներկայացվել է իրավասու գերատեսչությունների քննարկմանը։ Նախագծի մշակման աշխատանքներն ըստ կառավարության՝ ժամանակավորապես դադարեցվել են քովիդի բռնկմամբ ու պատերազմով պայմանավորված, բայց առաջիկայում օրենքի նախագիծը կներկայացվի կառավարության քննարկմանը, հավանության արժանանալու դեպքում կուղարկվի Ազգային ժողով։

«Իրավասու մարմինների հետ քննարկումների ընթացքում բարձրացվել են մի շարք սկզբունքային լուծում պահանջող խնդիրներ, որոնց լուծումները տվյալ նախագծով տրված չէին և չէին կարող տրվել, քանի որ հանդիսանում էին օրենքի կարգավորման առարկա, ուստի հետագայում քննարկումները շարունակվել են խնդրահարույց հարցերի շուրջ լուծումներ գտնելու ուղղությամբ: Ներկայում վերսկսված են խնդրի շուրջ քննարկումները, արդեն իսկ վերջնականակցվել է նախագծի բովանդակությունը, ինչպես նաև ուրվագծվել են ենթաօրենսդրական մակարդակով կարգավորման ենթակա խնդիրների լուծումները», - ասված է կառավարության պատասխանում:

Մինչդեռ երկու տարի առաջ քաղաքապետարանի ներկայացրած առաջարկը կքննարկվի կառավարությունում, Երևանի ավագանին վերջին նիստում որոշեց՝ համայնքին պատկանող տարածքի ինքնակամ կառույցները կքանդվեն՝ անկախ օրինականացման ենթակա լինել-չլինելու հանգամանքից։

Ապամոնտաժված կառույցներից մեկի սեփականատիրոջ շահերի պաշտպան Արթուր Ապիկյանն ասում է` իրենք դիմել են Վարչական դատարան։ Ըստ փաստաբանի՝ քանի դեռ կառավարության համապատասխան որոշումը փոփոխված չէ, իր վստահորդը խախտում չի կատարել՝ օգտվել է օրենքով սահմանված իրեն ընձեռված հնարավորություններից։ Ապիկյանի խոսքով՝ կան դեպքեր, երբ քանդված շինությունները համապատասխանել են կառավարության որոշմամբ սահմանված նորմերին և ենթակա են եղել օրինականացման։

«Քաղաքապետարանի գործողությունները կախված այս ընթացքում իրականացված քանդման աշխատանքի հետ ոչ իրավաչափ են, որովհետև անձինք, ովքեր տիրապետել, տնօրինել և կառուցել են ինքնակամ կառույցներ և կառավարության որոշմամբ սահմանված կարգով դիմել են համապատասխան պետական մարմնին` օրինականացնելու խնդրանքով, պետական մարմինը պարտավոր էր լսումներ իրականացնել, անձանց կանչեր, լսեր նրանց բացատրությունները, ուսումնասիրեր` համապատասխան նյութեր կան օրինականացման, թե ոչ, նոր դրանից հետո կայացներ քանդման կամ օրինականացման որոշում», - ասում է նա:

Շուրջ մեկ տասնյակ քաղաքացիեր դիմել են դատարան՝ պահանջելով հակաօրինական ճանաչել քաղաքապետարանի կողմից իրենց կառույցների ապամոնտաժումը։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ խորհրդային ժամանակաշրջանից հետո ինքնակամ կառույցների ֆոնդից ազատվելու միջոց է եղել 2006-ին ընդունված այդ որոշումը, որը հետագայում օգտագործվել է ինքնակամ շինարարության և կոռուպցիոն գործարքներով պայմանավորված շինություններ սկսելու համար։

Քաղաքապետի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ավագանու ընդունած որոշումը, որ այսուհետ կարող են քանդել ապօրինի շինարարությունները, չի հակասում կառավարության գործող որոշմանը, և արդյո՞ք իրենց առաջարկած փոփոխությունն այսպիսով դեռ արդիական է:

«Ավագանու որոշումը լուծում է միայն այն ինքնակամերի հարցը, որոնք գտնվում են հանրային տարածքների վրա, այսինքն` որոնք ոչ մի կերպ չեն կարող օրինականացվել, բայց դրանց քանդման ընթացակարգն է ուղղակի հեշտացվում, իսկ այն գործընթացը, որ մենք ակնկալում ենք կառավարության և նաև օրենսիրի հետ միասին ավարտել մինչև այս տարվա վերջ, այդ գործընթացն ընդհանրապես կկարգավորի դաշտը ինքնակամ կառուցպատման, որովհետև ինքնակամ կառուցապատումը ոչ միայն հանրային տարածքների վրա է լինում, այլ նաև սեփական տարածքների վրա: Եվ եթե իրավական դաշտը կարգավորվի մեր պատկերացրած լավագույն տարբերակով` օպտիմալ տարբերակով, մենք ակնկալում ենք, որ ավելի կհեշտանան նաև ապօրինի կառուցապատումները սեփական տարածքների վրա կանխելու կամ կասեցնելու եղանակը», - պատասխանեց Հակոբ Կարապետյանը:

Վերջին 7 ամիսների ընթացքում քաղաքապետարանը Երևանում հայտնաբերել է ապօրիի կառուցապատման 608 դեպք, դրանցից շուրջ 400-ը կատարվել են մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում, ինչը ենթադրում է, որ եթե չփոխվի կառավարության համապատասխան որոշումը, կամ օրենսդրական փոփոխություն չլինի, քաղաքպետարանը չի կարող դրանք քանդել։ Սա Հակոբ Կարապետյանի բացատրությունն է: Ըստ նրա՝ մնացած շուրջ 200 կառույցները հանրային տարածքի զավթումով ուղեցկված ապօրինի կառուցապատումներ են եղել, վերջին 7 ամիսների ընթացքում այդպիսի 158 կառույց է քանդվել։

XS
SM
MD
LG