Ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը, հայտարարում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները», - շեշտում է քաղաքապետը` դիմելով այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում:
Մարությանը հիշեցնում է` նախկինում շարունակաբար ապամոնտաժել են և հիմա էլ ինտենսիվ կերպով շարունակում են ապամոնտաժել ապօրինի կառույցները:
«Այդ աշխատանքների ընթացքում երբեմն ապօրինի կառուցապատում իրականացնողները կամ վերջիններիս ներկայացուցիչները մեր աշխատակիցներից ժամանակ են խնդրում՝ «իրենց ձեռքով» ապօրինի կառույցները քանդելու համար», - նկատում է քաղաքապետը` հավելելով, որ չապամոնտաժելու դեպքում երբ քաղաքապետարանից գան ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեն ունենալու:
Նշենք, որ ամենաշատն Աջափնյակ վարչական շրջանում են ապամոնտաժվել ապօրինի կրպակներնը, վերջին տվյալներով՝ այս 6 ամիսների ընթացքում 30-ից ավելի։