Մատչելիության հղումներ

Անելու ենք ամեն ինչ, որ ունենանք ուժեղ բանակ, մեր երկրի սահմանները լինեն պաշտպանված. Արշակ Կարապետյան


Ձախից աջ՝ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, Պաշտպանության նախարարի առաջին տեղական Արշակ Կարապետյան
Ձախից աջ՝ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, Պաշտպանության նախարարի առաջին տեղական Արշակ Կարապետյան

Պաշտպանական գերատեսչությունում բարեփոխումներ լինելու են և լինելու են բավականին արագ, նախարարության անձնակազմի հետ հանդիպման ժամանակ խոստացել է նորանշանակ փոխնախարար Արշակ Կարապետյանը։

Դեռ երեկ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատված ու մոտ մեկ ժամ անց Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակված Կարապետյանին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը այսօր Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել։

«Հավատացնում եմ ձեզ, որ անելու ենք ամեն ինչ, որ մենք ունենանք ուժեղ բանակ, մեր երկրի սահմանները լինեն պաշտպանված, մեր հայ ազգի առաջ խնդիրները մեր մասով կլինեն լուծված», - ասել է Կարապետյանը։

Արայիկ Հարությունյանը իր և քաղաքական թիմի անունից նախ շնորհակալություն է հայտնել ութ ամիս պաշտոնավարած ու երեկ հրաժարական ներկայացրած Վաղարշակ Հարությունյանին, հիշեցրել, որ նա նախարարի պաշտոնը ստանձնել է շատ բարդ ժամանակահատվածում՝ պատերազմից անմիջապես հետո։ Ու թեև հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտը չի հանգուցալուծվում ու Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժը արդեն 2,5 ամիս է չի հեռանում Սյունիքից ու Գեղարքունիքից, աշխատակազմի ղեկավարը առանց կոնկրետացնելու նշել է, թե Հարությունյանը պատվով կարողացել է հաղթահարել մի շարք ճգնաժամեր։

Վաղարշակ Հարությունյանի նշանակումը նախարարի պաշտոնին այդ ժամանակ անհրաժեշտություն էր. սա արդեն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքն է։ Նրա խոսքով, Հարությունյանը պատերազմից հետո կարևոր խնդիրներ է լուծել. - «Այդ խնդիրների լուծումը առնչվում էր թե՛ Հայաստանի հարավային սահմաններին, հետպատերազմյան խնդիրների մասին է խոսքը, թե՛ այսօր իրականացվող համատեղ ծրագրերի ոչ միայն մշակմանը, այլև իրականացմանը, Հայաստանի հյուսիսային սահմանների հետ կապված խնդիրներին, թե՛ սպառազինության ապագային»։

Վաղարշակ Հարությունյանի հրաժարականի պատճառների մասին ինքը պետք է խոսի, ընդգծեց Անդրանիկ Քոչարյան։ Իսկ հարցին, թե որքանով է հնարավոր, որ Հարությունյանին կփոխարինի հենց Արշակ Կարապետյանը, Քոչարյանը հստակ պատասխան չտվեց՝ առաջարկելով սպասել կառավարության ձևավորմանը։

Թե' արտաքին գերատեսչությունում, որտեղ Արմեն Գրիգորյանը օրեր առաջ նշանակվեց նախարարի առաջին տեղակալ, և թե' պաշտպանականում նշանակվել են մարդիկ, ովքեր ապագայում պետք է կարևոր դերակատարում ունենան այդ գերատեսչություններում, ասաց իշխանական պատգամավորը. - «Էս ժամանակահատվածի համար կան նշանակված մարդիկ, որոնք կարճ ժամանակում կարող են ի ցույց դնել իրենց ունակությունները, և բնականաբար, նրանք ավելի մեծ հնարավորություն կունենան ապագա կառավարությունում վարչապետի կողմից ներկայացված լինելու»։

Կարապետյանին բարձրագույն սպայակազմին ներկայացնելիս վարչապետի աշխատակազմի ղեկավարը հաջողություն է մաղթել բարեփոխումներն իրականացնելու գործում։

Պաշտպանության նախարարությունում համակարգային բարեփոխումների անհրաժեշտության մասին են խոսում նաև ռազմական փորձագետները։

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանն օրինակ, ասում է, որ պետք է շարունակվեն մինչև պատերազմը ընթացքի մեջ գտնվող և պատերազմից հետո առաջացած խնդիրները շտկելուն ուղղված բարեփոխումները։

«Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մեր բանակը քսանմեկերորդ դարի պատշաճ տեսք ունենա, որտեղ շեշտը դրվելու է օդային գերակայության, ամպակենտրոն պատերազմի, ամպակենտրոն ղեկավարման, մարդակենտրոն սկզբունքների վրա։ Ինչ վերաբերում է պատերազմից առաջացած բարեփոխումներին, ապա այստեղ առաջնային է պաշտպանական կամ շփման նոր գծի կարգավորումը, ինչպես նաև մեր կրած կորուստների ամոքումը, այսինքն՝ նոր զինվորական տեխնիկա, սպառազինություն և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Կկարողանա արդյոք 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից հետախուզության վարչության պետի պաշտոնից հեռացված և Փաշինյանի իշխանության օրոք նախարարություն վերադարձած Արշակ Կարապետյանը կատարել այդ բարեփոխումները, քանի որ նա այն համակարգի ներկայացուցիչն է, որ իրեն չարդարացրեց 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ի պատասխան «Ազատության» այս հարցին, Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց Կարապետյանի անցած ճանապարհը. - «Ինչի՞ չեք հիշում, որ այդ նույն համակարգում մեզ հաղթանակներ է պարգևել առաջին պատերազմի ժամանակ, և 94 թվականին կնքված հրադադարը այդ նույն համակարգի զինվորականությունն էր կերտում։ Այդ զինվորականությունը խրված չէր կոռուպցիայի մեջ»։

Պաշտոնավարման տարիներին շքեղ առանձնատուն կառուցած 54-ամյա Արշակ Կարապետյանը այն երեք բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հրամանագրերով ազատվեցին պաշտոնից։ Շատերը նաև նրան էին պատասխանատու համարում ապրիլյանի զոհերի ու տարածքային կորուստների համար, բայց նախկին իշխանությունները քրեական գործ չհարուցեցին, բավարարվեցին պաշտոնից ազատելով։

Հետագայում հենց Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովում Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել ապրիլյան պատերազմի հանգամանքների վերաբերյալ, սակայն զեկույցը գաղտնի է, և հնարավոր չէ ծանոթանալ դրա բովանդակությանը։

Ըստ փաստերի ստուգման հարթակի, պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնես գործունեությամբ, մասնավորապես անվտանգության համակարգերի տեղադրմամբ զբաղվող «էլկոմպ» ընկերության հիմնադիր Արշակ Կարապետյանը ապրիլյանից հետո Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդ նշանակվեց։

Ընդիմադիր գործիչ լինելու տարիներին նախկին իշխանություններին ապրիլյան պատերազմի բացթողումներից հետո որևէ պաշտոնյայի չդատապարտելու համար մեղադրած Արայիկ Հարությունյանը այսօր Արշակ Կարապետյանին նաև ասել է, որ նա ունի կառավարության և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի աջակցությունը։

Արշակ Կարապետյանը, հիշեցնեմ, հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվեց, այս տարի էլ վերադարձավ Պաշտպանության նախարարություն՝ նախ որպես գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, որին էլ երեկ հաջորդեց արդեն Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

Վերջին տարիներին պետական կառույցների, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության համար 200 միլիոնից ավելի դրամի արժողությամբ մատակարարումներ իրականցնող «Էլկոմպ» ընկերությունը Կարապետյանը կնոջն է փոխանցել։

Փաշինյանի իշխանության օրոք Կարապետյանի առաջխաղաղումը մամուլը կապում էր այն հանգամանքի հետ, որ նա 2008-ի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գործով ցուցմունք էր տվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Անդրանիկ Քոչարյանը հերքում է այս լուրերը, ասում է՝ այդ ցուցմունքը շատ կարևոր էր նախաքննական մարմնի համար, բայց գործի էության համար այդքան էական չէր։

XS
SM
MD
LG