Մատչելիության հղումներ

Աֆղանստանի կառավարության և Թալիբան շարժման ներկայացուցիչները բանակցություններ են սկսել


Աֆղանստանի կառավարության և Թալիբան շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներն այսօր բանակցություններ են սկսել Քաթարի մայրաքաղաք Դոհայում։

Աֆղանստանի կառավարության պատվիրակությունը գլխավորում է Ազգային հաշտեցման բարձր խորհրդի նախագահ Աբդուլա Աբդուլան, իսկ թալիբների պատվիրակության ղեկավարը Թալիբան շարժման առաջնորդ մոլլա Աբդուլ Ղանի Բարադարն է։

Բանակցությունների մեկնարկին թալիբների առաջնորդն ասել է, թե առաջընթաց չի ակնկալում և հայտարարել, թե Աֆղանստանը պետք է ունենա ուժեղ, կենտրոնացված և անկախ իսլամական համակարգ։

Կառավարության ներկայացուցիչ Աբդուլա Աբդուլան հայտնել է, որ իր գլխավորած պավիրակությունում ընդգրկված են բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև կանայք ու կրոնական գործիչներ։

Դոհայում բանակցությունները սկսվել են, երբ Աֆղանստանի գրեթե ամբողջ տարածքում մարտական գործողություններ են ընթանում կառավարական զորքերի ու թալիբ զինյալների միջև։ Աֆղանստանից ԱՄՆ-ի և դաշնակիցների զորքերի դուրսբերմանը զուգահեռ, թալիբները իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի մոտավորապես մեկ քառորդը։

XS
SM
MD
LG