2021 թվականի «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 8-10-ը: Այս մասին հայտարարում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:
Բացի մրցանակի շնորհման արարողությունից, որի ընթացքում հայտնի կդառնա 2021-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, և Aurora Dialogues քննարկումներից, հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ, լայն հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը, ասված է հաղորդագրությունում:
«Այդպիսով, «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն առաջին անգամ տեղի կունենա Եվրոպայում, ինչն էլ կընդգծի սերտ կապը համաշխարհային կարևորության մշակութային այս կենտրոնի և «Ավրորայի» գաղափարի միջև, որը խորապես արտահայտում է հարգանքը մարդկային կյանքի հանդեպ, ինչի կրողն է յուրաքանչյուր հայ և «Ավրորա» համաշխարհային շարժման յուրաքանչյուր անդամ: Սա կլինի նաև «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունը կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո», - նշված է հաղորդագրությունում:
«Անցած մեկուկես տարին ծանր էր յուրաքանչյուրի համար, մենք էլ բազմաթիվ ցավալի կորուստներ ունեցանք: Այդ իսկ պատճառով մենք ոգևորված ենք այս առիթով, որ հնարավորություն ունենք մեր երախտագիտությունը հայտնելու մեր հիասքանչ համայնքին, Վենետիկում համախմբելու մարդասիրության ոլորտի համաշխարհային դեմքերին, նրանց ծանոթացնելու տեղի հայկական ժառանգությանը և հարուստ պատմությանը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է հայկական փորձառությունը համաշխարհային շարժման՝ հենվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Շատ ուրախ եմ, որ 2021 թվականի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա հայկական ժառանգության ամենակարևոր օջախներից մեկում՝ Վենետիկում, կարևորելով մեր ներկայությունը Եվրոպայում»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Միևնույն ժամանակ, շարունակվում է 2022 թվականի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումների փուլը: Մինչև այս տարվա հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուներ, որոնք, ըստ նրանց, հաղթահարել են լուրջ մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար:
Հիշեցնենք՝ երեք ամիս առաջ վախճանվեց «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներից Վարդան Գրեգորյանը: