Մատչելիության հղումներ

Թբիլիսին հրաժեշտ տվեց օպերատոր Ալեքսանդր Լաշկարավային


«Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի հուղարկավորությունը, Թբիլիսի, 13 հուլիսի, 2021թ.
«Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի հուղարկավորությունը, Թբիլիսի, 13 հուլիսի, 2021թ.

Վրաստանի մայրաքաղաքում լարված վիճակ է, հուլիսի 5-ին ԼԳԲՏ համայնքի նախաձեռնությունը լուսաբանելիս դաժան ծեծի ենթարկված «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան հուլիսի 11-ին մահացել է, այսօր տեղի է ունեցել հուղարկավորությունը:

Հազարավոր ակտիվիստներ պահանջում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը, պնդելով, որ լրագրողի եղերական մահը կառավարության անգործության հետևանք է:

Ընդդիմությունը և Վրաստանի լրատվական դաշտի տասնյակ կազմակերպություններ Ղարիբաշվիլիին և «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը մեղադրում են մարդկանց ազատ հավաքների իրավունքը սահմանափակելու և լրագրողների անվտանգությունը երաշխավորելու առաքելությունը ձախողելու համար:

Երեկ Թբիլիսիում ակտիվիստները վերստին հավաքվել են խորհրդարանի շենքի և «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ, հավկիթներ են նետել և կարմիր ներկ են լցրել դռների և պատերի վրա: Ձերբակալվել է 12 ակտիվիստ: Ոստիկանությունն ավելի ուշ հրապարակել է հայտարարություն, որով բացատրել է ակտիվիստներին ձերբակալելու անհրաժեշտությունը:

«Ցուցարարները գերազանցել են ազատ հավաքների և կարծիքների արտահայտման օրենքով արտոնված սահմանները և վարչական կալանքի են ենթարկվել: Եվս մեկ անգամ նախազգուշացնում ենք ցույցի կազմակերպիչներին՝ եթե չեք ուզում, որ ցույցը վերածվի բռնության, մի անցեք թույլատրելի սահմանը»,- ասվում է ոստիկանության հատարարությունում:

Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Վրաստանի ԼԳԲՏ համայնքը հայտարարել է «հպարտության շքերթ» անցկացնելու մտադրության մասին:

Պահպանողական կազմակերպություններն ու եկեղեցին անմիջապես հրապարակել են դատապարտող հայտարարություններ, Վրաց ուղղափառ եկեղեցին իր հետևորդներին կոչ է արել հակընդդեմ շքերթ անցկացնել, իսկ «Սիրցխվիլիա», թարգմանաբար՝ «Ամո՛թ» անվամբ խումբը հարձակվել է ԼԳԲՏ համայնքի գրասենյակի վրա, որտեղ էլ ծեծի են ենթարկվել ոչ միայն այդ համայնքի անդամներն, այլև այդ զարգացումները լուսաբանող լրագրողներն, այդ թվում` լրագրող Միրանդա Բագատուրիան և օպերատոր Ալեքսանդր Կաշկարավան, ով Վրաստանի լրատվական աշխարհում ավելի հայտնի է Լեքսո անվամբ:

Ծանր վնասվածքներ ստացած Լեքսոյին զննել և առաջին օգնություն են ցույց տվել բժիշկները: Հիվանդանոցում նրա մոտ ախտորոշել են քթի և դեմքի ոսկորների կոտրվածքներ, նա վիրահատվել է, երեք օր անց դուրս է գրվել, հուլիսի 11-ի առավոտյան մայրը նրան բնակարանում հայտնաբերել է մահացած:

Այսօր Լաշկարավայի սգավոր մորն են այցելում հարյուրավոր մարդիկ՝ քաղաքական գործիչներ և լրագրողներ: Ամենից հաճախ հնչող բառն է՝ «տրագեդիա»: Ե՛վ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունն ասում են, որ տեղի է ունեցել ողբերգություն:

Բայց «Վրացական երազանքը» և վարչապետ Ղարիբաշբիլին ավելացնում են, որ ընդդիմությունը փորձում է շահարկել այս ողբերգությունը և դավադիր ծրագրեր իրականացնել, իսկ ընդդիմությունն ասում է, որ լրագրողի ֆիզիկական անվտանգությունը չերաշխավորած կառավարությունը պետք է հեռանա:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացությունը, որի համաձայն, Լաշկարավայի մահը կարող էր վրա հասնել թմրադեղի մեծ քանակի օգտագործման հետևանքով:

Ըստ փորձագետների, Լաշկարավայի մարմնում հայտնաբերվել են մորֆին, կոդեին և մի շարք այլ նյութեր, որոնց մեծ դեղաչափը գուցեև ճակատագրական է դարձել: Այդ մասին ասել է Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Մամուկա Չեկլիձեն:

Ոստիկանները հրապարակել են մահվանից մեկ օր առաջ Լաշկարավայի տեղաշարժը, որն արձանագրել են փողոցում տեղադրված անվտանգության տեսախցիկները: Լաշկարավան այցելել է դեղատուն, որտեղ ներարկիչներ և այլ պարագաներ է գնել, ապա մեկնել է Թբիլիսիի Պոնիչալայի շրջան, որտեղ, ըստ ոստիկանների, դեղամիջոցներ է ընդունել և գիշերը վերադարձել է տուն, իսկ առավոտյան մայրը նրան մահացած է գտել:

Արդյո՞ք արժանահավատ է ոստիկանների տարածած այս ինֆորմացիան:

«Ես Ներքին գործերի նախարարության ոչ մի խոսքին չեմ հավատում, ինչպե՞ս հավատանք, եթե հուլիսի 5-ին ընդամենը մի քանի ոստիկան էր այնտեղ, որտեղ լրագրողները հարձակման ենթարկվեցին, նրանք չէին բերել ոչ ջրցաններ, ոչ հատուկ նշանակության ջոկատ, և իմ երեխաների տարիքի լրագրողները մնացել էին մեն-մենակ այդ արմատականների ամբոխի դեմ: Լեքսոն զոհվեց, որովհետև պաշտպանում էր 21-ամյա Միրանդային, դժբախտաբար, այդպես նա սպանվեց, ավաղ, սա է մեր երկիրը, սա է մեր վիճակը»,- ասել է «Պիրվելի» հեռուստաընկերության սեփականատեր Վատո Ծերեթելին:

Վրաստանի իրավապահները հավաստիացնում են, որ պատասխանատվության կենթարկեն ԼԳԲՏ համայնքի և լրագրողների վրա հարձակում գործած քաղաքացիներին, արդեն կա մոտ երկու տասնյակ ձերբակալված:

Լեքսո Լաշկարավայի դին այսօր դուրս են հանել տնից և մեծ, սև, մռայլ «Մերսեդեսով» փոխադրել գերեզմանատուն: Ամբողջ ճանապարհին հարյուրավոր քաղաքացիներ ծափահարություններով են ուղեկցել սգավորներին, ծափահարել են Վրաստանի մայրաքաղաքի բնակելի շենքերի պատուհաններից նայող մարդիկ:

Թբիլիսին հրաժեշտ է տվել լրագրողին: Անկախ այն բանից, թե ինչ վարկած է տարածում Ներքին գործերի նախարարությունը, հանրությունը, կարծես, փաստում է մի պարզ ու դաժան ճմարտություն՝ կար Լեքսո անունով լրագրող, նրան աշխատանքի ընթացքում դաժանաբար ծեծել են, նա մահացել է: Սա է, որ անբնական է, անարդար է և չպետք է լինի որևէ երկրում:

XS
SM
MD
LG