Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ՀԱՊԿ արձագանքի շարունակությունն է. քաղաքական մեկնաբան


Փաշինյան-Պուտին հրապարակային հանդիպման առանցքային դրվագը Ռուսաստանի Դաշնության նախագահի ակնարկն էր լուծման սպասող «զգայուն ու «սուր հարցերի» վերաբերյալ։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կարծիքով, Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ՀԱՊԿ արձագանքի շարունակությունն է։

«Փաստորեն երբ ՀԱՊԿ-ը հայտարարեց, որ չի պատրաստվում Հայաստանին աջակցել սահմանային լարվածության հարցով, հիմա էլ Պուտինը հայտարարեց փաստորեն, որ Հայաստանի իշխանությունները ունեն բավարար վստահություն, ժողովուրդը ձեզ քվե է տվել, բարի եղեք, գնացեք և ինքներդ, առանց մեզ վրա հույս դնելու, լուծեք այդ բարդ, ցավոտ, զգայուն հարցերը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Վլադիմիր Պուտինը չէր մանրամասնել, թե խոսքը ինչ սուր ու զգայուն հարցերի մասին է։ Սակայն ընդգծել էր, թե այդ հարցեը լուծելու համար պետք է ունենալ ժողովրդի աջակցությունը, որն ունի Փաշինյանը:

Արմեն Բաղդասարյան
Արմեն Բաղդասարյան

Ըստ Արմեն Բաղդասարյանի, Պուտինն ակնարկել է հայ-ադրբեջանական սահմանի սահմազատման ու սահմանագծման աշխատանքերի իրականացման, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանքի» ստեղծաման ու խաղաղության պայմանագրի կնքման մասին. - «Պուտինի ասածը հետևյալն է. պատերազմից հետո Հայաստանում շատ են հնչում մեղադրանքներ նաև Ռուսաստանի հասցեին, որ Ռուսաստանը իրեն որպես դաշնակից չպահեց։ Առաջին դեպքը չէ, երբ Պուտինը փորձում է արդարանալ։ Հիմա էլ փաստորեն դրա շարունակությունն էր, ինքը ասեց, որ ձեր ժողովուրդն է ընտրել պարտված ղեկավարին, ձեր ժողովուրդն է ընտրել պարտությունը, ուրեմն ուրիշների վրա ձեր մեղքը մի բարդեք, գնացեք, ինքներդ մինչև վերջ ըմպեք դառնության այդ բաժակը»։

Իսկ թե ինչու է Ռուսաստանը շահագրգիռ սահմանագծմամբ, «Զանգեզուրի միջանքի» ստեղծմամբ ու խաղաղության պայմանագրի կնքմամբ, Արմեն Բաղդասարյանը ենթադրում է, որ պաշտոնական Մոսկվան այդկերպ փորձում է աջակցել Ադրբեջանին՝ դրա դիմաց Բաքվից կոնկրետ ակնկալիքներ ունենալով. - «Հիմա Ռուսաստանը պիտի փորձի իր ստանալիքը ստանալ արդեն Ադրբեջանից։ Դրա համար էլ Ռուսաստանին պետք է, որպեսզի շուտափույթ կարգավորվեն այս հարցերը, որպեսզի հաջորդ քայլով Ռուսաստանը ստանա իր աջակցության գինը Ադրբեջանին։ Այսինքն՝ փորձի Ադրբեջանին բերել ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն։ Առանց հայ-ադրբեջանական վերջնական պայմանագրի, դա չի ստացվի, դրա համար էլ, կարծում եմ, ռուսները շտապում են»։

Ռուսաստանը շարունակում է մինչպատերազմական տրամաբանությունը՝ լեգիտիմ իշխանություններից ակնկալելով սուր հարցերի լուծման կարողություն։ Սա քաղաքագետ Արեգ Քոչինյանի տեսակետն է։

Նրա խոսքով՝ եթե նախկինում այդ հարցերի շարքում Արցախի վերաբերյալ Հայաստանին զիջումների դրդելն էր, պատերազմից հետո այլ խնդիրներ ավելացան՝ սահմանագծումից մինչև խաղաղության պայմանագրի կնքում. - «Էստեղ արդեն ամեն ինչ կախված է, թե հայկական կողմը դիմադրողականության ինչպիսի աստիճան, ընդհանրապես ինչպիսի հնարավորությունների ունի։ Այդ դիմադրողականությունը մեր տարածաշրջանում իրականում ուղիղ համեմատական է զինված ուժերի պոտենցիալի հետ»։

Ըստ քաղաքագետի, այդ առումով Հայաստանի համար կա մեկ լուծում՝ պատերազմից հետո տարածաշրջանում ընթացող, այսպես ասած, խաղի ընթացքի դանդաղեցումը. - «Գործընթացի սառեցումն է մինչև էն ժամանակահատվածը, երբ որ մենք մեր զինված ուժերի հնարավորությունները հայտնի չափով կկարողանանք վերականգնած լինել։ Եվ էդ պարագայում մեզ հետ խոսակցությունը կտարվի արդեն այլ տոնով»։

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

Քոչինյանը կարծում է, որ Պուտին-Փաշինյան հանդիպմանը հայկական օրակարգի առաջնային հարցը երկու ամիս առաջ Հայաստան տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի հեռացումն էր, Սոթքից մինչև Խոզնավար ռուս սահմանապահների տեղակայումը։

Նա շեշտում է, որ ադրբեջանական զինուժի հեռացումից հետո ռուս սահմանապահներին ներկայությունն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում պետք է ժամանակավոր բնույթ կրի. - «Չի կարող ստեղծվել իրավիճակ, երբ որ ռուսական կոնտինգենտը պետք է այս հատվածում պետք է Հայաստանի ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանի միջնաժամկետ կամ երկարաժամկետ տրամաբանության մեջ, որովհետև դա ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն»։

Երեկ հայտնի դարձավ, որ ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքի մարզում է, և, ըստ մարզպետ Գնել Սանոսյանի, նրանց տեղակայումը սահմանի երկայնքով օրերի հարց է։

XS
SM
MD
LG