Կրեմլում Պետդումայի ընտրություններից առաջ սարսափում են բելառուսական սցենարից և հենց այդ պատճառով մաքրում են ռուսական մեդիա և հասարակական դաշտը վտանգավոր կազմակերպություններից։
«Սեպտեմբերին ընտրվելիք Դուման պետք է ճանապարհ հարթի Պուտինից Պուտինի իշխանության տրանզիտի համար, իսկ իշխող կուսակցությունն ունի չափազանց ցածր վարկանիշ», - ասում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Պուտինի կոշտ քննադատ Միխայիլ Խոդորկովսկին՝ հավելելով․ - «Կրեմլում չեն վախենում, որ չեն կարողանա իրենց համար հարմար տոկոս նկարել, նրանք վախենում են բելառուսական սցենարից, որ հանկարծ ռուսաստանցիներն անաչառ տեղեկության հնարավորություն չուենան և, վրդովված կեղծ ընտրությունների արդյունքներից, դուրս չգան փողոց»։
Միխայիլ Խոդորկովսկին այսօր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե ամենայն հավանականությամբ իր կողմից ֆինանսավորվող հիմնադրամներն, այդ թվում՝ Բաց հասարակության հիմնադրամը և մեդիա նախագծերը կա՛մ կասեցնելու են իրենց աշխատանքը Ռուսաստանում, կա՛մ տեղափոխվելու են այլ երկիր և այնտեղ շարունակեն իրենց գործունեությունը։
Խոդորկովսկին համոզված է, որ այսօր իշխանափոխության հնարավորություն Ռուսաստանում չկա և մարդկանց անվտանգությունն ու ազատությունը վտանգելու որևէ իմաստ էլ չկա։
«Եթե 140 միլիոնանոց բնակչություն ունեցող Ռուսաստանում կա «Ռոսգվարդիա», որի շարքերում ծառայում է շուրջ կես միլիոն մարդ, որ պատրաստ է հարձակվել խաղաղ ցուցարարների վրա, անիմաստ է այս պայքարը»,- ասում է Խոդորկովսկին։
Ավելի վաղ, հիշեցնենք, Կրեմլի մեկ այլ կոշտ ընդդիմախոս, շուրջ կես տարի անազատության մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները հայտարարել են Նավալնիի ղեկավարած կառույցները և մեդիահարթակները փակելու մասին, քանի որ իշխանությունները կոշտ հետապնդում էին այդ կառույցների աշխատակիցներին։
Ռուսաստանցի ընդդիմադիրները հեռանում են Ռուսաստանից, հայտարարում են, որ հրաժարվում են Ռուսաստանում պայքարից, չեն մասնակցելու Պետդումայի և նույնիսկ քաղաքային դումայի ընտրություններին։ Իսկ պայքարից չհրաժարվող կոշտ ընդդիմադիրներին իշխանությունները հետապնդում են՝ քրեական գործեր են հարուցում, խուզարկություններ անցկացնում նրանց բնակարաններում։ Այսօր, մասնավորապես, իրավապահները խուզարկել են Ալեքսեյ Նավալնիի մոսկովյան շտաբի նախկին ղեկավար Օլեգ Ստեպանովի նախընտրական շտաբը, նա պատրաստվում է մասնակցել Պետդումայի ընտրություններին։
Խուզարկությունն իրականացվում է քաղաքացիների իրավունքները ոտնահարող կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ Ավելի վաղ այս գործը հարուցվել էր Նավալնիի և նրա գործընկերների՝ կոռուպցիայի դեմ պայքարի ղեկավար Իվան Ժդանովի և քաղաքական գործիչ Լեոնիդ Վոլկովի դեմ։
Հիշեցնենք՝ Նավալնիի շտաբը և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը Ռուսաստանում ճանաչվել են որպես ծայրահեղական կազմակերպություններ, և նրանց գործունեությունն արգելված է Ռուսաստանում:
Երեկ իր պաշտոնն է թողել Ռուսաստանի վերջին 20 տարիների թերևս ամենահեղինակավոր բուհերից մեկի՝ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի՝ «Вышка»-ի շուրջ 30 տարվա ռեկտոր Յարոսլավ Կուզմինովը։ Այս բուհի ուսանողներից շատերն են մասնակցել Նավալնու կազմակերպած բողոքի տարբեր ակցիաներին։ Քաղաքագետները համոզված են, որ այս ձևով Կրեմլը պատարաստվում է Պետդումայի ընտրություններին, որ անցնելու են երկու ամսից՝ սեպտմեբերին։
Փաստորեն ընտրություններին իշխող «Եդիանայա Ռոսիա» կուսակցությունը մրցակից, ի դեմս կոշտ ընդդիմության, չի ունենալու, փոխարենը Դումայի ընտրություններից առաջ կարող են միավորվել Ռուսաստանի կումունիստական և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունները։