Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի՝ այսօր հրապարակված հատվածում «Յուկոս»-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկուն «խաբեբա» է անվանել։
Նրա խոսքով, Խոդորկովսկին ներգրավված է ոչ միայն կեղծ գործողությունների, այլև պատվերով սպանությունների մեջ. - «Նրա անձնական մասնակցությունը սպանություններին ապացուցված չէ»։
Պուտինը չի հավատում, թե Խոդորկովսկու անվտանգության ծառայության աշխատակիցները գործել ենք սեփական նախաձեռնությամբ, քմահաճույքով. - «Կարծում եմ, առանց Խոդորկովսկու համաձայնության նման բան չէին անի։ Բայց ապացուցված չէ։ Ապացուցվեցին նրա ապօրինի գործունեության այլ փաստեր, ուստի նա ստացավ համապատասխան պատիժ»։
Միխայիլ Խոդորկովսկին 2000-ականների սկզբին, երբ Պուտինը նոր էր նախագահ ընտրվել, Ռուսաստանի ամենահարուստ մարդն էր, նրան էր պատկանում երկրի ամենախոշոր նավթային ընկերությունը՝ «Յուկոսը»։ 2003 թվականի Խոդորկովսկին ձերբակալվեց, մեղադրվեց տարբեր հանցագործություններ կատարելու մեջ և դատապարտվեց ազատազրկման։ Կանալավայրում նա անցկացրեց 10 տարի։ 2013 թվականի դեկտեմբերին Պուտինը Խոդորկովսկուն ներում շնորհեց՝ Ռուսաստանից հեռանալու պայմանով։
Վերջին տարիներին Միխայիլ Խոդորկովսկին ապրում է Եվրոպայում։ Նա աջակցում է ռուսաստանյան լիբերալ ընդդիմությանը, ֆինանսավորում է հասարակական կազմակերպությունների, պարբերաբար հանդես է գալիս Ռուսաստանի իշխանություններին ու անձամբ Պուտինին քննադատող հայտարարություններով։
Երեկ, օրինակ, Խոդորկովսկին «Դոժդ» հեռուստաընկերության եթերում մեկնաբանել էր սահմանադրական փոփոխությունների փաթեթը. - «Թեև ի սկզբանե բոլորս ասում էինք, որ այս փոփոխությունների միակ նպատակը Պուտինի նախագահության ժամկետների զրոյացումն է, ամեն դեպքում բոլորիս համար սա տհաճ անակնկալ էր։ Մեզ՝ Ռուսաստանի քաղաքացիներիս, պարզապես նվաստացրել են»։
Վերջերս «Յուկոս»-ի նախկին սեփականատերերը հերթական անգամ միջազգային դատարանում հսկայական գումար են շահել ընդդեմ Ռուսաստանի կառավարության ներկայացված հայցով, սակայն առաջարկվող սահմանադրական փոփոխությունները բովանդակում են նաև մի դրույթ, որով Ռուսաստանը միջազգային ատյանների որոշումները չկատարելու սահմանադրական իրավունք է ստանում։