Մատչելիության հղումներ

«Բոլորն իրենց ամբիցիաները պետք է ցած դնեն ու փորձեն համագործակցել հանուն պետության»․ Սամվել Բաբայանը՝ Փաշինյանին


Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ Բաբայանը նախ շնորհավորել է Փաշինյանին, նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն՝ ընդգծելով՝ «իրոք, մեծ պատասխանատվության տակ եք մտել»:

Ապագան պետք է կառուցել, ասել է Սամվել Բաբայանը՝ շարունակելով․ - «Հայաստանը մեծ հույսեր է կապում ձեզ հետ, որ զարգացում ապահովենք, պաշտպանված լինենք: Ես իմ կողմից մյուս 2 կուսակցություններին ևս շնորհավորել եմ, որովհետև պետք է կարողանաք համախմբել այս վիճակը և դրան պիտի գնանք: Ապագան դա է պահանջում մեզանից: Բոլորը, իմ կարծիքով, իրենց ամբիցիաները պետք է ցած դնեն ու փորձեն համագործակցել հանուն մեր պետության, հանուն մեր ապագայի: Իմ կարծիքն այն է, որ ներքին կայունությունը մեծ խնդիրներ է լուծելու, եթե բոլորս գիտակցենք ու հասկանանք, որ մեր պետության շահը պետք է գերադասել ամեն ինչից բարձր»:

Խոսելով քաղաքական ֆունդամենտալ խնդիրներից Բաբայանը նշել է՝ Սահմանադրությունը և օրենսդրությունը հիմքն է, իսկ այս ամբողջ վայրիվերումները գալիս են օրենսդրական բազայի անկատարությունից և երկիմաստությունից:

«Սա լուրջ պրոբլեմ է, և իմ խնդրանքն է, որ հետագայում դրան շատ լուրջ ուշադրություն դարձնեք: Մենք պետք է պետությունը հզորացնենք այնպես, որ մարդն իր ամբողջ դրական լիցքերը կարողանա ներդնել, և ոչ մի խոչընդոտ չլինի: Չարիքը բոլորիս մոտ էլ կա, պետք է սահմանափակենք օրենքներով, օրենսդրական ակտերով, որ չլինի», - եզրափակել է Բաբայանը։

Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկվանից սկսել է քաղաքական խորհրդակցությունները ընտրություններին մասնակցած ուժերի հետ։

XS
SM
MD
LG