Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով` խորհրդարանը կունենա 3 խմբակցություն, 107 պատգամավոր


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտյան կայացած նիստում արձանագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեների մեծամասնությունը՝ 53.92 տոկոս և կարող է միայնակ ձևավորել կառավարություն։

Խորհրդարան անցած մյուս երկու ուժերը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ 21.04 տոկոսով և «Պատիվ ունեմ»-ը։ Չնայած Սերժ Սարգսյանի Հանրապետական ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների ձևավորած «Պատիվ ունեմ»-ը հավաքել էր ընդամենը 5.23 տոկոս՝ անցողիկ 7-ի փոխարեն, սակայն օրենսդրությամբ սահմանված բոնուսները նրանց հնարավորություն են տալիս մտնել խորհրդարան, միայն այն պատճառով, որ Ազգային ժողովը կազմված լինի առնվազն երեք ուժերից, ինչպես Սահմանադրությամբ է ամրագրված։

«Պատգամավորների հաշվարկ չենք իրականացրել, և այս փուլում կարծում եմ` ժամանակավրեպ է նման հաշվարկ իրականացնելը, որովհետև կան գործընթացներ, որոնք պետք է իրականացվեն, և արդյունքում արդեն նոր կկայացվի համապատասխան որոշում մանդատների բաշխման մասին, դրանց քանակի հետ կապված և այլն», - ասում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Մինչ այդ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ խորհրդարանը կունենա 107 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիրը», նախնական տվյալներով, կստանա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին իրենց շտաբում ունեցած ելույթով ազդարարեց հաղթանակի մասին. «Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տվել է մանդատ՝ առաջնորդել երկիրը, և նաև ինձ` որպես կուսակցության վարչապետի թեկնածու տվել է մանդատ` առաջնորդելու երկիրը, բայց էլի եմ ասում, մենք առավելագույնը կանենք՝ քննարկելու և մեր մանդատի շուրջ համախմբելու հանրային բոլոր առողջ ռեսուրսները»:

Օրենքի պահանջն է` խորհրդարանի1/3-ը պետք է լինի ընդդիմադիր: Ի՞նչ կլինի, եթե խորհրդարան անցած մյուս երկու ուժերը որոշեն չվերցնել իրենց մանդատները։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը սա քաղաքական բնույթի հարց է որակում և դժվարանում է ասել, թե իրավական առումով ինչ ընթացակարգեր են նախատեսված. «Այս փուլում մանդատների հրաժարման որպես այդպիսին ինստիտուտ ամրագրված չունենք մենք, իհարկե կարող է լինել տարբերակ, որ ենթադրենք` թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են իրենց մանդատները ստանալուց` ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով:

Այդ դեպքում (ամբողջ խմբակցության հրաժարվելու) այն կուսակցությունները, որոնք մասնակցել են մանդատների բաշխմանը, բնական է` նրանք են միայն ստանում իրենց մանդատները, և նրանք են փաստորեն խորդարանում հանդես գալիս որպես պատգամավոր:

Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, ովքեր Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները: Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»:

Հարցին` եթե նրանց համամասնական ցուցակի բոլոր պատգամավորները հրաժարվեն, ի՞նչ է նախատեսված այդ դեպքում, Մուկուչյանը պարզաբանեց. «Նշանակում է` մանդատ չի ստանա ոչ ոք, խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան»: Օրենքի բաց կա՞ այստեղ հարցին, նա պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, չենք ուսումնասիրել այդ խնդիրն առանձին վերցրած»:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը ասում է՝ եթե խորհրդարանական ընդդիմությունը իր մանդատներից հրաժարվի, կստեղծվի հակասահմանադրական իրավիճակ։ Միևնույն ժամանակ շարունակում է՝ ոչ նոր ընտրությունների, ոչ մանդատներն այլ ուժի փոխանցելու օրենսդրական ոչ մի հիմք չկա։ Այստեղ, սակայն, օրենքի բաց չի տեսնում, ասում է` եթե ամրագրված լիներ, որ ընդդիմության կողմից մանդատները չվերցնելը հանգեցնելու է նոր ընտրության, ապա ընդդիմադիրները կնախընտրեն «կրկին փորձիր» տարբերակով անընդհատ գնալ նոր ընտրությունների. «Նիկոլ Փաշինյանը կարող էր ձևավորել կառավարություն, ձևավորեր մեծամասնություն, բայց դա, ըստ էության, կլինի հակասահմանադրական, և խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ է, որ լինի ընդդիմություն, ընդ որում բազմակուսակցական համակարգով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG