Մոսկվան ողջունում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տեղեկությունն այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են, այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակ է տարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը։ Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ», - նշել է Պեսկովը՝ հավելելով, որ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն ու գործընկերն է։
«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ հայ ժողովրդին այդ ընտրությունը օգնի հաղթահարել դժվարությունները, այդ թվում և եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով, որոնք ձեռք են բերվել և ստորագրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ», - նշել է նա:
Ի դեպ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր արդեն հայտարարել է, թե եռակողմ հայտարարության որոշ դրույթներ իրագործվում են ուշացումով և հավելել, թե Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, որի հիմքում կլինեն տարածքային ամբողջականության սկզբունքն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը։
Բայրամովը Ղազախստանի իր կոլեգայի հետ համատեղ մամուլի ասուլիսին նաև հայտարարել է, թե նման առաջարկ Հայաստանի իշխանություններին Բաքուն արդեն արել է։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, թե Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նոր են կայացել և դեռ վաղ է խոսել Ղարաբաղի իրավիճակի վրա դրանց արդյունքների ազդեցության մասին։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն այս մասին ասել է այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Դեռ պարզ չէ, թե այդ արդյունքներն ինչպես կանդրադառնան նոր պայմաններում քաղաքական կյանքի ձևավորման վրա։ Եկեք սպասենք, թե երբ այնտեղ կլինի կառավարություն։ Մենք, համենայնդեպս, ելնում ենք նրանից, որ պատերազմը դադարեցրած եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև երկրորդ եռակողմ համաձայնագիրը համապատասխանում են ներգրավված բոլոր կողմերի շահերին», - հավելել Է նախարարը:
Շմիդը պաշտպանել Է Լավրովի դիրքորոշումը. «Մենք ակնկալում ենք դիտորդների ամբողջական զեկույցի հրապարակումը: Ուստի եկեք սպասենք, թե երբ կձևավորվի կառավարությունը, և այդ ժամանակ գնահատականներ կտանք»։
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն իր հերթին հայտարարել է, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից հետո Մոսկվայի և Երևանի հարաբերություններում փոփոխություններ չեն լինի։
Կալաշնիկովի կարծիքով, երկրների միջև հարաբերություններն արդեն փորձված են և ամրագրված Ղարաբաղի կարգավորման եռակողմ համաձայնագրում: Դրա համար էլ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները նվազագույն չափով կազդեն դրանց վրա։
«Եթե խորհրդարանում մեծամասնություն կազմեր Քոչարյանի դաշինքը, դա լրացուցիչ տուրբուլենտություն կստեղծեր», - «Ինտերֆաքս»-ին ասել է Կալաշնիկովը, ում Մոսկվայում համարում են ադրբեջանամետ քաղաքական գործիչ։
Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Վլադիմիր Ջաբարովն իր հերթին գտնում է, որ Մոսկվան և Երևանը լավ հարաբերություններ կպահպանեն անկախ ընտրությունների վերջնական արդյունքից: «Որովհետև Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, հայ ժողովուրդը գիտի, որ Ռուսաստանը Հայաստանի համար ամենամոտ և վստահելի բարեկամն է։ Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանը մնա ՀԱՊԿ-ի գծով նրա հավատարիմ դաշնակիցը, Եվրասիական տնտեսական միության անդամ և զբաղվի անցած տարվա իրադարձություններից հետո իր տնտեսության վերականգնմամբ», - նշել Է սենատորը։
Ռուսական մամուլը ուշադիր հետևում էր նախընտրական քարոզարշավին Երևանում և նույնիսկ տարբեր հարցման արդյունքներ հրապարակում: Այդ հարցումներում Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը կա՛մ հավասար ձայներ էին հավաքում, կա՛մ Քոչարյանը նույնիսկ մի փոքր առաջ էր անցնում։ Այսօր ռուսական մամուլը գրում է, որ հայաստանյան ընտրությունների արդյունքները շոկային են, անսպասելի և փորձում է վերլուծել կատարվածը։
Անկախ փորձագետ Արկադի Դուբնովը համարում է, որ հայաստանցիները Փաշինյանին են ձայն տվել ոչ միայն նրա համար, որ աջակցում են նրան, այլ նաև նրա համար, որ դեմ էին նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ծանր պարտությունից հետո երկրում տիրում է անտարբերություն, մարդիկ հիասթափված են:
«Բայց ընտրություններին եկած մարդկիկ, նույնիսկ ավելին, քան Փաշինյանը, չեն սիրում նախկին ղեկավարներին: Նրանք չեն ցանկանում, որ այս օլիգարխիկ կլանները վերադառնան իշխանության», - գրում է Դուբնովը:
Այլ կարծիքի է արտաքին քաղաքականության հարցերով հայտնի փորձագետ Ֆյոդոր Լուկյանովը, ով գրում է, թե Փաշինյանի հաջողությունը «հուսահատության ախտանիշ է»: «2020-ի աշնան դեպքերից հետո քվեարկել նույն առաջնորդի օգտին, որի օրոք ամեն ինչ տեղի ունեցավ, նշանակում է ընդունել, որ ընտրություն չկա, և բոլորն էլ ավելի վատն են: Դա 30 տարվա անկախության շատ տխուր քաղաքական արդյունք է», - նշում է Լուկյանովը: