Մատչելիության հղումներ

Կրկնաքվեարկության փորձ Էրեբունիի 10/38 ընտրատեղամասում, հաղորդում է հանձնաժողովի նախագահը


Արտահերթի քվեարկությունն Էրեբունի վարչական շրջանում մեծ մասամբ խաղաղ, առանց միջադեպերի է ընթանում։ Մեր այցելած ընտրատեղամասերից միայն մեկում կրկնաքվեարկության փորձ էր տեղի ունեցել. ըստ 10/38 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռայիսա Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի վստահված անձը երկրորդ անգամ էր փորձել քվեարկել, սակայն դեպքը միանգամից բացահայտվել էր:

«Միջադեպ է տեղի ունեցել կրկնակի գրանցման, որի վերաբերյալ գրանցամատյանում կազմվել է արձանագրություն, ինչի մասին տեղյակ ենք պահել ոստիկանությանը, ոստիկանությունը՝ արդեն համապատասխան մարմիններին: Միջադեպը որպես այդպիսի գրանցված է»,- նշեց Գրիգորյանը:

Համար 10/40 ընտրատեղամասում էլ առավոտյան էր միջադեպ գրանցվել, սակայն, ըստ հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Սարգսյանի, ավելի ուշ հարթվել: Քաղաքացիներից մեկը երկրորդ անգամ գալով ընտրատեղամաս պնդել էր, թե իրեն տրված քվեաթերթիկներից մեկը բացակայել է տրցակում։ Սկզբում հայտարարել, թե 14 համարը, հետո էլ թե՝ 24-ը։ 14-ը «Բարգավաճ Հայաստանն» է, 24-ը՝ «Հայաստան» դաշինքը։

«Ժամը 11-ին մի մարդ եկավ ընտրության ու գնացել էր տուն: Մենակ էդ մի միջադեպը անկեղծ ասած եղավ, ժամը 2-ն էր ինքը վերադարձավ, որ ինձ այս համարի քվեաթերթիկը չեք տվել, մեզ ասաց, որ 14-ը չենք տվել, բայց ինքը թեժ գիծ էր զանգել ու ասել, որ 24 համարը չենք տվել: Բայց քանի որ ինքը տեղում չէր զգուշացրել մեզ, որ մենք քվեաթերթիկը չենք տվել, ես իրեն ասացի, որ ես ինչքանով վստահ լինեմ, որ դուք ճիշտ եք ասում, դուք տեսաք քվեաթերթիկը չկար, տեղում ասեիք, ես արձանագրեի փաստը ու ամեն ինչ հարթեի: Մենք ոստիկանների ներկայությամբ բացատրագրերը գրեցինք, ու ինքը իր սխալն զգաց, ասաց՝ իսկապես ես սխալ եմ ու իր բողոքը հետ վերցրեց», - ներկայացրեց Սարգսյանը:

Առավոտյան 8-ից Էրեբունի վարչական շրջանի մյուս ընտրատեղամասերի մեծ մասում իրավիճակը գրեթե նույնն է, արձանագրում են ոչ միայն հանձնաժողովների անդամները, այլ քաղաքական ուժերի վստահված անձինք ու դիտորդները։

Վարչական շրջանի բոլոր ընտրատեղամասերում արձանագրում են՝ արտահերթին ընտրողները մեծ ակտիվությամբ են մասնակցում:

XS
SM
MD
LG