Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրությունների շեմին Իրանի իշխանությունները մտահոգված են հնարավոր բոյկոտի հեռանկարից


Իրանի նախագահի թեկնածու Էբրահիմ Ռաիսիի նախընտրական պաստառները Թեհրանում։
Իրանի նախագահի թեկնածու Էբրահիմ Ռաիսիի նախընտրական պաստառները Թեհրանում։

Նախագահական ընտրություններից մեկ օր առաջ Թեհրանում լուրջ մտավախություններ կան, որ 59 միլիոն իրանցի ընտրողների մեծամասնությունը վաղը ընտրատեղամասեր չի գնա։

Պատճառը երկրի ամենաազդեցիկ կառույցներից մեկի՝ Պահապաննների խորհրդի որոշմամբ հաղթանակի իրական շանսեր ունեցող թեկնածուներից մի քանիսին՝ այդ թվում նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանիին, չգրանցելն էր։

Խորհրդի որոշման հետևանքով իրանցիների մի զգալի մասի հետաքրքրությունը ընտրարշավի հանդեպ ակնհայտորեն նվազել է։ Դա են վկայում նաև վերջին օրերին անցկացված սոցիոլոգիական հարցումները։ Օրինակ, պետական հովանավորության ներքո գործող Ուսանողական սոցիոլոգիական ծառայության տվյալներով, վաղվա քվեարկությանը ցանկանում է մասնակցել իրանցի ընտրողների ընդամենը 42 տոկոսը։

«Եթե այս կանխատեսումները իրականություն դառնան, ապա դա կլինի նախագահական ընտրություններին քվեարկողների մասնակցության ամենացածր ցուցանիշը Իսլամական հանրապետության ողջ պատմության ընթացքում», - արձանագրում է AP գործակալությունը։

Ընտրողների պասիվությունը այն հիմնական թեման էր, որին անդրադարձավ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երեկ երեկոյան հեռարձակված հեռուստաուղերձում։ Խամենեիի համոզմամբ, սակայն, ընտրողների մի զգալի մասի հիասթափության պատճառը ոչ թե ազդեցիկ թեկնածուների որակազրկումն էր, այլ արտաքին ուժերի, նախևառաջ արևմուտքում գործող իրանալեզու արբանյակային հեռուստաալիքների քարոզչությունը։

«Աշխարհում գործող ուժի սատանայական կենտրոնները, Իսլամական հանրապետության նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերը ընդդիմանում են նաև մեր ընտրություններին։ Արդեն մի քանի ամիս է, ինչ ամերիկյան և բրիտանական լրատվամիջոցները, նրանց հովանու ներքո գործող վարձկանները, որոնք աշխատում են այդ երկրների մեդիա կառույցներում, անում են ամեն ինչ առաջիկա ընտրությունները հարցականի տակ դնելու, մասնակցության ցուցանիշը նվազեցնելու, Իսլամական հանրապետությունում կայանալիք ընտրությունների գործընթացը խաթարելու համար, - հայտարարել է Խամենեին։

Դրա հետ մեկտեղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը երեկ հեռարձակված ելույթում չի ժխտել, որ ընտրություններից երկրի քաղաքացիների հիասթափությունը ծանրակշիռ պատճառներ ունի․ - «Այո, մարդկանց բողոքները հիմնավոր են։ Դրանց պետք է ընթացք տրվի, և դրանք պետք է լինեն հաջորդ կառավարության առաջնահերթությունների թվում։ Մյուս կողմից սակայն, պետք է ըմբռնել, որ քվեարկելուց հրաժարվելը, ընտրություններն անտեսելը առկա խնդիրները չի լուծի»։

Իրանի հոգևոր առաջնորդի ուղերձի գլխավոր հասցեատերը երկրի խոշորագույն քաղաքների բնակչությունն ու երիտասարդներն են, որոնք որպես կանոն քվեարկում են բարեփոխական հայացքներ ունեցող գործիչների օգտին։ Ազդեցիկ ռեֆորմիստներից որևէ մեկը սակայն այս ընտրություններում պաշտոնական գրանցում չստացավ, ինչը ընտրողների մի զգալի մասի մոտ լուրջ դժգոհություններ առաջացրեց։ Արևմտյան փորձագետների համոզմամբ, Պահապանների խորհուրդը, չգրանցելով հաղթանակի շանս ունեցող բարեփոխական թեկնածուներին, ծանր հարված հասցրեց նախևառաջ այս թևի առաջնորդին՝ պաշտոնից հեռացող նախագահ Հասան Ռոհանիին։ Բայց անգամ Ռոհանին այս օրերին կոչ է անում իր կողմնակիցներին զերծ մնալ ընտրությունները բոյկոտելու գաղափարից։

«Ես ասում եմ մարդկանց՝ ընտրությունների բոյկոտը որևէ հարց չի լուծի։ Որքան էլ դժվար լինի մեզ համար, որքան էլ լուրջ լինեն խնդիրները, ես կոչ եմ անում քաղաքացիներին՝ գնացեք և ընտրեք։ Առկա խնդիրների միակ լուծումը քվեարկության միջոցով է», - հայտարարել է Իրանի նախագահը։

Նման իրավիճակում, երբ թեկնածուների ցանկը դեռ առաջադրման փուլում խնամքով զտվել է, վաղվա ընտրությունների ելքը, տեղական մամուլի գնահատմամբ, գրեթե կանխորոշված է։ Ընտրությունների միանձնյա ֆավորիտը Ալի Խամենեիի աջակցությունը վայելող պահպանողական գործիչ Էբրահիմ Ռաիսին է։ Իսլամական հանրապետության դատական համակարգի 61-ամյա ղեկավարի օգտին, վերջին հարցումների համաձայն, պատրաստվում է քվեարկել ընտրություններին մասնակցել ցանկացող իրանցիների առնվազն 60 տոկոսը։

Արևմտյան փորձագետների համոզմամբ, Ռաիսիի ընտրության դեպքում Իրանի արտաքին քաղաքականությունը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի։ Ռաիսին կողմ է 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի վերագործարկմանը։ Հարցազրույցներից մեկում, սակայն, նախագահի թեկնածուն նշել էր, որ այն պետք է կյանքի կոչի շատ ավելի ազդեցիկ և արդյունավետ գործող կառավարություն, քան Ռոհանիինն է։

Վերլուծաբանների համոզմամբ, գլխավոր մարտահրավերը, որին կբախվի Էբրահիմ Ռաիսին ընտրվելու դեպքում, Իրանում շարունակվող տնտեսական ճգնաժամն է։ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին գնահատականների համաձայն, սղաճի տեմպերը Իրանում այս տարի կկազմեն 39 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը կգերազանցի 11 տոկոսը։

XS
SM
MD
LG