ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆաել Գրոսին պնդում է, որ պաշտոնական Թեհրանը դադարեցրել է համագործակցությունը իր գլխավորած կառույցը ներկայացնող տեսուչների հետ։ Այս մասին ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարը հայտարարել է այսօր Վիեննայում՝ գործակալությանը ղեկավար մարմնի նիստի ընթացքում։
Գրոսիի հավաստիացմամբ` վերջին շաբաթներին Իրանն իր միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ նոր տեղեկատվություն գործակալությանը չի տրամադրել։
«Իմ վերջին զեկույցի հրապարակումից հետո Իրանը որևէ տեղեկատվություն չի տրամադրել միջուկային օբյեկտներից մեկի վերաբերյալ, չի պատասխանել մյուս երկու օբյեկտներին վերաբերող որևէ հարցի։ Ինչ վերաբերում է Իրանում գտնվող չորրորդ միջուկային օբյեկտին, ապա դրա վերաբերյալ Թեհրանի կողմից պատրաստված զեկույցը զուրկ էր փաստաթղթային բազայից», - հայտարարել է ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարը։