Մատչելիության հղումներ

Լոռու փոխմարզպետն ազատվեց աշխատանքից ու նշանակվեց Սպիտակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար


Երեկ Լոռու մարզպետի տեղակալ Քաջայր Նիկողոսյանն ազատվել է աշխատանքից ու նշանակվել Սպիտակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա սպիտակցի է, անկուսակցական, այս տարի էր փոխմարզպետ նշանակվել։

Սպիտակում համայնքի ղեկավարը փոխվեց, քանի որ ավարտվեց 13 տարվա հանրապետական համայնքապետ Գագիկ Սահակյանի լիազորությունների ժամկետը։

Սահակյանը դեռ այս տարվա սկզբին միացել էր ընդդիմությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Այժմ էլ Սպիտակում նա գլխավորում է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը։ Սահակյանն «Ազատության»-ն ասաց՝ դեռ չգիտի՝ կմասնակցի՞ աշնանը կայանալիք համայնքապետի ընտրություններին, թե՞ ոչ, անգամ կասկածներ ունի, թե դրանք աշնանը տեղի կունենան․ - «Ես չգիտեմ, էս երկրում կարո՞ղ եք մի բան պլանավորել»։

Օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սպիտակում հայտարարեց, թե իր նախագահության ավարտից հետո Սպիտակում իր աչքին ոչինչ չի փոխվել։ Արդեն նախկին համայնքապետ Գագիկ Սահակյանն «Ազատության»-ն ասաց՝ Քոչարյանը պարզապես չի նկատել արված աշխատանքը։

«Եթե Քոչարյանը նման բան է ասել, ուրեմն տեսել է իր տեսադաշտում եղածը, չի խորացել քաղաքի կենտրոնները, կամ ծայրամասերը, այսինքն՝ իր տեսադաշտում տեսել է այն, ինչ ինքն է կառուցել, բայց դա չի նշանակում, որ ինքը ստում է, ինչ տեսել է մարդն, էդ է ասում։ Եթե նկատած լիներ էդ նույն շատրվանները, կասեր, եթե նկատած լիներ փողոցների ասֆալտապատումը, կամ բարեկարգումը, կամ լուսավորությունը և այլն, էդ էլ կասեր, բնականաբար։ Ինչ նկատել է, էդ է ասել էդ մարդը, ի՞նչ եք ընկել հետևից», - ասաց Գագիկ Սահակյանը։

Փոփոխություններ չտեսնելու մասին դիտարկում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն արեց նաև Լոռու մարզի մյուս համայնքներում։ Ստեփանավանում դիմեց հանդիպման եկածներին, որոնց թվում էին նաև իր թիմում ներգրավված նախկին ու ներկա համայնքապետեր, նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ու իր խոսքով, «բնական» հարց ուղղեց՝ ինչո՞վ էիք զբաղված անցած 20 տարիներին։ Դահլիճում քար լռություն էր։

«Էս ինչո՞վ էիք զբաղված էսքան տարի, քանի՞ տարվա ասֆալտ է, 2003 թվականի ասֆալտ է, շենք-շինություն, ճանապարհ․․․ բան չի փոխվել», - հայտարարեց Քոչարյանը։

Ընդդիմադիր քաղաքական ուժի քննադատության սլաքները, մինչդեռ, հիմնականում ուղղված էին վերջին երեք տարիների կառավարությանը, չնայած Լոռու բոլոր խոշոր համայնքներում իշխանությունը Հանրապետական կուսակցության անդամների ձեռքին է եղել։ Ավելին, 2018 թվականի հեղափոխությունից երկու տարի անց Լոռու մարզպետն ահազանգում էր, թե նախկին իշխանությունների ազդեցության տակ գտնվող համայնքներում լուրջ հակազդեցություն կա հեղափոխության արդյունքում իշխանության եկած կառավարության նկատմամբ։

Նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դեռ 2019 թվականի դեկտեմբերին Ալավերդիում ասել էր. - «Նաև նման վերաբերմունքը նախկին պաշտոնյաների մինչև հիմա պահպանվում է, և այնպիսի տպավորություն է, որ, օրինակ, Ալավերդի քաղաքում ինչքան վատ լինի վիճակն, էնքան լավ իրենց համար։ Պետք է անկեղծ լինեմ՝ տպավորություն է, որ ներկայիս քաղաքապետը գտնվում է նախկին պաշտոնյաների ազդեցության ներքո և կաշկանդված է իրեն զգում»։

Լոռու նախկին մարզպետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրեյ Ղուկասյանը պնդում է, որ անցած երեք տարիներին մարզի շատ համայնքներում կառավարության ծրագրերով ահռելի չափերով զարգացման ծրագրեր են իրականացվել, մինչդեռ «նախկին իշխանությանը հավատարիմ» որոշ համայնքապետեր ամեն ինչ արել են, որ իրենց համայնքներում դրանք տապալվեն, ասում է․ - «Համայնքներում այնպիսի գործունեություն են փորձել ծավալել, որ բացասական կարծիք են ձևավորել գործող իշխանությունների նկատմամբ»։

XS
SM
MD
LG