Արդեն մեկուկես տարի Լոռու մարզպետի պաշտոնն զբաղեցնող Անդրեյ Ղուկասյանն ասում է, որ իր պաշտոնավարման ընթացքում գործարարներից մի քանի անգամ իրենց բիզնեսում մասնաբաժին ունենալու ուղղակի կամ անուղղակի առաջարկներ է ստացել։
«Դժվար է պատկերացնել, որ այսօր լինելով մարզպետ կամ համայնքապետ՝ կարելի է փայատեր լինել որևէ հանքում, ՀԷԿ-ում կամ գործարանում», - ասում է մարզպետը և շեշտում, որ մերժել է բոլոր առաջարկները։ - «Նման ակնարկներ եղել են, որ՝ մենք աշխատող մարդիկ ենք, մենք կարողանում ենք աշխատել, մենք աշխատելու ձևերը գիտենք։ Պարոն մարզպետ, եկեք աշխատենք միասին, ամեն ինչ լավ կլինի։ Այդ պահին, բնականաբար, որևէ բանի դիմաց չէ, բայց բոլորս հասկանում ենք, որ ապագայում, այսպես ասեմ՝ իրենց առավելություն ստանալու կամ որևէ բանի վրա աչք փակելու համար։ Դա հին մոտեցում է, և նախկին բոլոր պաշտոնյաներն էլ եղել են այդ փայերի մեջ, ունեն և ունեցել են ՀԷԿ-եր, ունեցել են խանութներ, հացի փռեր, ռեստորաններ։ Եվ էդ ամեն ինչը իրենք ձեռք են բերել նաև էդ մեխանիզմով»։
Անդրեյ Ղուկասյանը չցանկացավ անուններ հրապարակել, բայց նշեց, որ դրանք այն մարդիկ են եղել, որոնք փորձել են նախկինի նման սերտաճել գործող իշխանությունների հետ, ստեղծել համատեղ շահեր և հովանավորչությամբ իրենց համար նպաստավոր դիրք ունենալ գործարար միջավայրում։
Մարզպետը շեշտում է, որ Լոռիում գործող բազմաթիվ ՀԷԿ-երում մասնաբաժին ունեն նախկին մարզպետները, համայնքապետերն ու նրանց մերձավորները․ - «Մենք գիտենք, որ մարզում կան բազմաթիվ ՀԷԿ-եր, որոնց 50 տոկոսը պատկանում է նախկին որևէ քաղաքապետի, քաղաքապետի եղբորը, հորեղբոր տղային, նախկին մարզպետներից մի քանիսին։ Եվ չի լինում, որ իրենք դա արած լինեն օրինական, որպես սովորական քաղաքացի, որպես սովորական գործարար․․․ Մաքրման կայանի հետ կապված քրեական գործը․ էդ խողովակները հատվել են և օգտագործվել են իրենց սեփական ՀԷԿ-երի համար։ Շատ ժամանակ ներդրումը եղել է հովանավորչության ձևով, որևէ իրավախախտում կոծկելու ձևով։ Մարդիկ գալով պաշտոնի, կարճ ժամանակ հետո ունեցել են փայեր տարբեր բիզնեսներում։ Եվ առայժմ դեռ կան մարդիկ, որ ունեն»։
Միևնույն ժամանակ, Ղուկասյանը բացառում է, որ այսօր գործարարների նկատմամբ որևէ ճնշում լինի, կամ նրանք կաշկանդված լինեն մարզպետարանի որևէ անօրինական պահանջով․ - «Պետք է մեր բոլոր գործարարները հասկանան, որ կարիք չկա մարզպետի կամ որևէ մեկի հետ հարաբերություններ ստեղծել, լինել ընկերներ կամ որևէ ձևով շաղկապվել, որպեսզի իրենց բիզնեսին վտանգ չլինի։ Հիմա նման վտանգ գոյություն չունի»։
2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի ամենամեծ տեքստիլ ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն «Ազատությանն» ասել էր, որ իշխանափոխությունն իրեն ազատել է կապանքներից, որոնց պայմաններում արտադրություն է կազմակերպել ավելի քան 20 տարի։ Մոտ 2 հազար 500 աշխատող ունեցող «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատերը շեշտել էր, որ հեղափոխությունից առաջ նույնիսկ նախագահական նստավայրից են իրեն թելադրել՝ ո՛ր պատվիրատուի հետ համագործակցել, ո՛ւմ պատվերներից հրաժարվել, հաճախ պարտադրել են իր բիզնեսի համար ոչ շահավետ արտադրություն կազմակերպել․ - «Ա-զատ-վել ենք։ Մարդ կա չի ազատվել․․․ Ես կոնկրետ ազատվել եմ։ Կարամ էլ ասեմ ումից եմ ազատվել․․․ Զանգող չկա, օրն անցնում ա, ասում ես էս ոչ մի բան չեն կարգադրո՞ւմ, էս ինչ բան ա։ Անսովոր ա․․․»
Լոռու մարզպետը բազմիցս հայտարարել է, որ գործող համայնքապետերից շատերը դեռևս ենթարկվում են նախկին պաշտոնյաների ազդեցությանը, որոնք իրենց հերթին փորձում են բացասական ազդեցություն ունենալ մարզի կյանքի վրա։ Կարծում է, որ անցած շաբաթ ընդունված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրինագիծը կառնչվի Լոռու մարզի բազմաթիվ նախկին պաշտոնյաների։