Մատչելիության հղումներ

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը անհրաժեշտության դեպքում պատրաստ է ընտրություններից հետո կոալիցիա կազմել գործող իշխանության հետ


«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքը ընտրություններից հետո պատրաստ է կոալիցիա կազմել գործող իշխանության հետ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Դաշինքի ցուցակի առաջին համար Արման Բաբաջանյանն ասում է՝ իրենք այդ քայլին կգնան հանուն պետության ու ժողովրդի շահի։

«Հայաստանի ժողովրդավարական ապագան այլընտրանք չունի, և հասնելու համար այդ բոլոր խոստումների իրագործմանը, մենք պատրաստ ենք, իհարկե, գործող իշխանությանը սատար լինել, եթե անհրաժեշտ է կոալիցիա կազմել նրանց հետ և հասնել մեր պետության համար կենսական անհրաժեշտ այն բոլոր խոստումների իրագործմանը, որոնք համարում ենք երկրի համար գոյաբանական և էքզիստենցիալ», - ասաց Բաբաջանյանը:

«Հանուն Հանրապետության» և «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները միավորող դաշինքը փոփոխություններ է խոստանում բանակից մինչև առողջապահական համակարգ, սոցիալական ոլորտ, հավատացած են՝ ամենակարճ ժամանակահատվածում կարող են վերացնել երկրում առկա աղքատությունը։ Դաշինքն այսօր Արարատի մարզում էր։

«Ամոթ է, որ Հայաստանը 21-րդ դարում ունենա ծայրահեղ աղքատություն, կանվանենք այն 5 տոկոս, կանվանենք այն 10 տոկոս, թե 20 տոկոս, այսպիսի աշխատասեր ժողովուրդը 30-ամյա պետականության պայմաններում չի կարող ունենալ ծայրահեղ աղքատություն», - ասաց դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը:

Բարեփոխումներ են նախատեսում նաև դատական համակարգում: Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն են տեսնում։ Դաշինքից Սեդա Սաֆարյանի խոսքով՝ 2018-ը հեղափոխություն էր արդարության համար, բայց տեսանք՝ արդարությունը չվերականգնվեց։ Վստահ են՝ ընտրվելու դեպքում՝ իրենք կարող են վերականգնել արդարությունը։

«Ես կարծում եմ, որ մենք հնարավորություն կունենանք այդ բարեփոխումները Ազգային ժողովում առաջարկելու, բարձրացնելու, լուծման ճանապարհներ առաջարկելու և վերջնարդյունք ունենալու», - ասաց Սաֆարյանը:

«Մկները, ձկները և տարատեսակ այլ կենդանիներ, սողուններ փորձում են ռենկարնացիայի ենթարկել իրենց մտադրությունները», - Բաբաջանյանի խոսքի մեծ մասը նախկին իշխանություններին էր վերաբերում։ Դաշինքի առաջին համարն այլաբանության դիմեց՝ կոնկրետ անուններ նշելու փոխարեն։

«Մեր ժողովրդի իմաստնությունը, կամքը, վճռականությունը, թույլ չի տա, որպեսզի օձն իր պորտով, մուկն իր մտադրություններով, իրենց խնամիներով ու չգիտեմ ինչ բաջանաղներով ոտնձգեն Հայաստանի ժողովրդի, Հայաստանի ժողովրդավարական ապագայի դեմ», - նշեց Բաբաջանյանը:

Այն, ինչի խոստանում են, կարող են իրականացնել սեփական թիմով, դրանում իրենց ոլորտի գիտակ պրոֆեսիոնալներ են, ասում է Արման Բաբաջանյանը. «Ովքեր շատ լավ պատկերացնում են այն աշխատանքը, որի մասին մենք խոսում ենք, մենք ռազմավարություն ենք մշակել նախորդող երեք ամիսներին և լավագույնս պատկերացնում ենք անելիքը բոլոր ուղղություններով՝ անվտանգության, արտաքին քաղաքական, գյուղի, տնտեսության բոլոր ուղղությունների»:

Դաշինքի անդամներն այսօր հանդիպումներ ունեցան Արտաշատում, Տափերականում ու Արարատում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG