Մատչելիության հղումներ

«Քաղաքականությունը կարող է նաև այսպիսին լինել». ՔՈ-ի քարոզարշավն այսօր երաժշտական էր


«Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական քարոզարշավի հինգերորդ օրը երաժշտական էր:

Արտահերթին 17-րդ համարով ու «Զի ՔՈ Է» կարգախոսով մասնակցող կուսակցության ներկայացուցիչներն այսօր մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում էին. բուկլետներ, զրույցներ, այգում բադմինտոն: Երաժշտությամբ ՔՈ-ն ուզում է համատարած լարված մթնոլորտում հանրությանը ցույց տալ՝ կյանքը դեռ շարունակվում է, կան բաներ, որոնց համար արժե ապրել ու արարել. «Ու ստեղծագործել, և դրանցից մեկը երաժշտությունն է, մենք այսօր երաժշտություն ենք մատուցում մեր հանրությանը և ասում ենք, որ քաղաքականությունը նաև կարող է այսպիսին լինել»:

Կուսակցության ընտրական ցուցակի 5-րդ համար Հայկ Սահակյանի գնահատմամբ՝ քարոզարշավի ընթացքում փոխհրաձգություններն ու վիրավորանքները ոչ մի լավ տեղ չեն տանելու, բայց իրենց հանդիպումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ այդ ամենը հիմնականում եթերում է ու սոցիալական ցանցերում. «Հանրությունը հանգիստ սպասում է, կարդում է ծրագրերը, և կարծում եմ` ճիշտ որոշում է կայացնելու քվեարկության ժամանակ»:

Սահակյանի խոսքով՝ այս արտահերթը շատ անկանխատեսելի է լինելու. «Տարբեր սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ հանրության 60-70 տոկոսը դեռևս կողմնորոշված չէ, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր ուժ անակնկալ մատուցելու հնարավորություն ունի, նայած, թե ինչպես մենք կաշխատենք, նայած, թե մնացած ուժերն ինչպես կաշխատեն, և հանրությունը ըստ այդմ կկողմնորոշվի»:

Ընտրողները, կուսակցության 5-րդ համարի գնահատմամբ, իրենց օգտին պետք է քվեարկեն, քանի որ իրենք ո՛չ նախկին են, ո՛չ ներկա, սատարել են 2018-ի հեղափոխությանը, նորարարություն բերող ուժ են։ Կուսակցությունը հիմնադրվել է 2018-ի հեղափոխությունից հետո։

«Մենք նորարարություն և ստեղծագործականություն բերող ուժ ենք: Մենք միջին տարիքում գտնվող, ոչ այդ հայրերի և որդիների հետ բախման կիզակետում գտնվող միջին տարիքի, ծաղկման շրջանում գտնվող, պատասխանատվություն կրող և մեր քայլերի համար պատասխանատվություն կրող քաղաքական ուժ ենք: Մենք մեր սկզբունքներին չենք դավաճանել թե հեղափոխությունից հետո, թե պանդեմիայի ժամանակ, թե պատերազմի ժամանակ, և կարծում եմ` մեր գաղափարական, արժեքային հիմքերի վրա դրված քաղաքականությունը հենց այն է, ինչը պետք է մեր հանրությանը, մեր քաղաքացուն, և հենց դրա համար էլ մեզ պետք է ձայն տան»:

Եթե Աջափնյակում ֆլեյտա էր, Կենտրոնում ՝ Հյուսիսային պողոտայում սաքսաֆոն էր հնչում:

Այստեղ քարոզարշավ էր իրականացնում կուսակցության լիդերներից Գարեգին Միսկարյանը, որը, սակայն, ընտրական ցուցակում չկա: Նրա խոսքով` նախկին ու ներկա իշխանությունների միջև առկա փոխհրաձգությունը խլացնում է իրենց նման ուժերին. «Այն ուժերը, ովքեր իրոք առողջ, գաղափարական քարոզ են փորձում անել, ընդհանրապես մարդկանց չեն կարողանում հասնել: Ես անհատական հանդիպումների ժամանակ զգում եմ` մարդկանց մոտ կա այդ պահանջը, բայց իրապես հասնելու, մարդկանց վստահությունը շահելու համար երկար, տևական աշխատանք է պետք, որը, կարծում եմ, այս կարճ քարոզարշավի ժամանակ արդյունավետ անելը շատ դժվար է»:

XS
SM
MD
LG