Հայաստանի կառավարության դիմումին ի պատասխան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 8-ին արձանագրել է, որ մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջնակյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ:
Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի՝ միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները:
«Եվրոպական դատարանը նույն օրը մերժել է նաև Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ», - ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ եռակողմ հայտարարությունից հետո՝ արդեն մոտ մեկ ամիս է՝ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք. հրաժարվում են հեռանալ, ավելին՝ արդեն գերեվարել են 6 զինվորականի, ևս մեկ զինվորական էլ սպանվել է։ Զինվորները գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածից՝ ականապատման աշխատանքներ իրականացնելու ժամանակ։ Պաշտոնական Երևանը սա զինվորների առևանգում է որակում Հայաստանի տարածքից։
Բաքուն, սակայն, պնդում է, որ Հայաստանի Զինված ուժերի «հետախուզա-դիվերսիոն խումբ» է ձերբակալել՝ սահմանն անցնելու փորձի ժամանակ, որն իբր փորձել է ականապատել «սահմանին տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի մատակարարման ուղիները»։