Վանաձորցի 83-ամյա Գրիշային հուսախաբ են արել թե՛ գործող իշխանությունները, թե՛ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը․ - «Ես հայրենասեր եմ, ես առաջադեմ եմ, բայց ես անորոշության մեջ եմ, ես չգիտեմ ում վստահեմ»։
Նա հիշեց՝ ուղիղ երեք տարի առաջ «Ազատությանն» էլի հարցազրույց էր տվել՝ ոգևորված, թե ծաղկելու է երկիրը, այսօր ասաց՝ փոշմանում է երեք տարի առաջ հնչեցրած խոսքերի համար։ «Ասում էինք՝ բոլորս հոգնել ենք Սերժից, մերժե՛լ, մերժե՛լ, մերժեցինք, եկավ, ես ոչինչ չհասկացա։ Թույլ ա, ռիչագները ձեռին էր, հիմա պետք ա խիստ լիներ, կոնկրետ լիներ», - ասաց Գրիշա պապը։
Նա առաջիկա արտահերթի հետ էլ արդեն հույսեր չի կապում՝ շվարած է․ - «Իրար ուտում են, իրար դավաճանում են, հայ ժողովուրդը շախմատի տախտակի վրա պեշկայա, ռուսը կուզենա ժերտվա կտա, կուզենա առաջ կտա»։
Վանաձորում ընտրողները խուսափում են անուններ հնչեցնել, քարոզարշավի մեկնարկի հետ ավելի զգուշավոր են դարձել կամ, իսկապես, անորոշությունը խորն է, քաղաքական ուժերն իրենց չեն գոհացնում։ Շատերը հրաժարվում են խոսել տեսախցիկի առաջ։
«Ընտրությունների գնալու եմ, բայց դեռ չեմ կողմնորոշվել», - ասաց հարցվածներից մեկը։
Վանաձորցիներից մեկը չներկայացավ, ասաց՝ ամբողջ Վանաձորն է ճանաչում իրեն։ Արդեն 30 տարի շուկայամերձ տարածքում իր անշարժիչ փոխադրամիջոցով բեռներ է տեղափոխում, դրանով գումար աշխատում։ Օրվա կեսն արդեն անցել էր, բայց դեռ սայլակը տեղից չէր շարժել՝ պատվերներ չուներ։ Մինչդեռ նրա մտահոգվելու առիթը դա չէր, այլ որ ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժերի մեջ իր սրտով գոնե մեկը չի գտնում․ - «30 տարի ա իշխանավորները թալանեցին ու պառակտեցին Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը ինչ-որ տեղ մի քայլ ավելացրեց, չունենք ուրանալու՝ անձամբ ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց էս պարտությունը, պառակտված Հայաստանի պարտությունը նենց քայլի բերեց մեզ, որ անձամբ ես էլ եմ իմ վստահությունը կորցրել»։