Մատչելիության հղումներ

Մեզ բոլորիս պարտադրեցին արտահերթ ընտրություններ հայրենիքի համար այս ծանր օրերին․ Սերժ Սարգսյան


Մեծ ու հատուկ լուսավորությամբ դահլիճում, բայց առանց լրագրողների, «Պատիվ ունեմ» դաշինքն այսօր ներկայացրեց նախընտրական ծրագիրը։ Միջոցառման ընթացքը օնլայն հեռարձակմամբ էր հասանելի։

Ոչ թե Հանրապետականի առաջնորդ, նախկին նախագահի Սերժ Սարգսյանի խոսքով, ինչպես որ նախապես ծրագրված էր արարողակարգով, այլ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի՝ սուր ու սարկազմով համեմված ելույթով բացումն արվեց։

«Հայաստանի պատմության մեջ ամենաանհասկանալի ու տարօրինակ ընտրությունների քարոզարշավն է մեկնարկում», - ասաց դաշինքի վարչապետի թեկնածուն․ - «Այսօրվանից մեր ժողովրդին կներկայանան տարբեր քաղաքական թիմեր, գործիչներ, իսկ հաճախ գործիքներ՝ բութ և անհայրենիք, ուրիշների ձեռքին սեփական ժողովրդի դեմ օգտագործվող անբարո մահակներ»։

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը, ում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեղադրել էր պատերազմի օրերին դիրքերը լքելու մեջ, հայտարարեց՝ նախկին իշխանական Հանրապետականի ու իր ղեկավարած «Հայրենիք» կուսակցության ձևավորած դաշինքում լավ գիտեն ներքին և արտաքին անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման եղանակները․ - «Ես մեկ անգամ չէ, որ առնչվել եմ այդպիսի մարտահրավերների։ Մենք գիտենք ինչպես վարվել նման իրավիճակներում և վստահ կարող ենք դրանց չեզոքացնել։ Այս 14 օրվա ընթացքում մեր երկրում լինելու է կեղծիքի, սին խոստումների, մեծամտության մի գարշելի շքահանդես։ Որպես ԱԱԾ գեներալ խոստովանեմ, որ նրանցից շատերի ուղն ու ծուծը գիտեմ, գիտեմ նրանց բարոյական, ավելի ճիշտ է ասել անբարոյական նկարագիրը»։ «Պատիվ ունեմ»-ի ընտրացուցակում չընդգրկված, բայց վերջին օրերին նախընտրական հադիպումների մասնակցող Սերժ Սարգսյանը իր ելույթի հերթը զիջել էր Արթուր Վանեցյանին՝ ևս մեկ անգամ ընդգծելու համար, որ գեներալ Վանեցյանը «գլխավորում է դաշինքի նախընտրական ցուցակը, ամեն տեղ պետք է լինի առաջինն ու առաջնորդի թիմը»։

Սերժ Սարգսյանն այսօր խոսեց հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունում 1,5 տարի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Արթուր Վանեցյանի անբասիր ծառայության ու հայրենասիրության մասին։ 2018-ին ժողովրդական ճնշմամբ հրաժարական տված նախկին նախագահը կրկին հիշեցրեց՝ միավորվել են, որովհետև Արթուր Վանեցյանը ժամանակին է կանգ առել ու նույնը խորհուրդ տվել մյուսներին։

Սերժ Սարգսյանը մեղադրեց այս իշխանություններին այս ընտրությունները պարտադրելու համար․ - «Այս ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չէին։ Մեզ բոլորիս պարտադրեցին արտահերթ ընտրություններ հայրենիքի համար այս ծանր օրերին, և մենք ընդունեցինք մարտահրավերը և պատրաստ ենք այս կռիվը, կամ ինչպես մեր էպոսում է ասվում՝ վերջին զարկը տալու հանուն Հայաստանի ապագայի»։

Իրենք վճռական են տրամադրված, ասաց պաշտոնաթող նախագահը, և վստահ են, որ այս ընտրություններում հաղթելու են։ Ընտրություններն էլ սովորական չեն՝ ընտրություն է հայրենիք ունենալու և չունենալու միջև․ - «Ես չեմ ուզում, որ իմ թոռնիկները կամ ձեր զավակները իրենց տանը Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթևի վանքի կամ Սևանա լճի պատկերները, որպես կորուսյալ հայրենիքի ևս մի հատվածի մասին պատմող հուշ»։

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագիրը բաղկացած է 9 հիմնական բաժիններից՝ «Իրավական պետություն և արդյունավետ պետական կառավարում», «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն», «Տնտեսություն», «Սոցիալական ոլորտ», «Կրթություն և գիտություն», «Մշակույթ», «Առողջապահություն», «Երիտասարդություն, ֆիզիկական կուլտուրա և սպորտ», «Շրջակա միջավայրի պահպանություն»։ Խոստացան պետական կառավարման համակարգը համալրել իրական պրոֆեսիոնալներով, վերանայել կառավարության կառուցվածքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG