Մատչելիության հղումներ

Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ ԱԺԲ-ն կանցնի խորհրդարան


«Կարծում ենք, որ կանցնենք խորհրդարան», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց «Ազգային ժողովրդական բևեռ»-ի (ԱԺԲ) խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Թե նախնական հաշվարկներով բնակչության քանի՞ տոկոսն իրենց քվե կտա, Ավետիսյանը պատասխանեց. «Զուտ զգացողությամբ, համեստ ենք մենք ուզում լինել, մենք տեսնում ենք, որ կանցնենք խորհրդարան: Շատ հարաբերական է վիճակը, որովհետև որևէ իրադարձություն կամ իրադարձությունների համադրություն կարող է էքսպոնենցիալ աճ կամ նվազում տալ որևէ ուժի դեպքում»:

Վարուժան Ավետիսյանը նշեց՝ պետք է արձանագրել, որ «Ազգային ժողովրդական բևեռ»-ի վարկանիշն անշեղորեն աճում է, «պարզապես ժամանակի առումով տեմպերի և ծավալների հարց է՝ ինչքան մենք կհասցնենք, և այդ մուտքը խորհրդարան կլինի պարզապես մուտք, թե շռնդալից մուտք»:

ԱԺԲ խորհրդի անդամն ընդգծեց նաև՝ չեն բացառում, որ խորհրդարանական ընտրություններ կարող են ընդհանրապես տեղի չունենալ. «Չենք բացառում, որ կարող է այնպիսի ձևակազմ առաջանալ որպես արդյունք, որ հնարավորություն չտա կառավարություն կազմել, այսինքն այս քաոսին գումարվի նաև քաղաքական ճգնաժամը, այնպես որ բոլոր տարբերակները հավանական են և շատ անկայուն վիճակ է»:

Օգտատերերի հարցին, եթե անցնեն խորհրդարան և կարիք լինի միանալու որևէ ուժի, ո՞ր ուժին կմիանան, Ավետիսյանն արձագանքեց. «Մենք ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության վերակերտման ծրագիր՝ առաջին հանրապետության իրավահաջորդության վրա հիմնված, և դա ոչ թե ուղղակի մեր նախասիրությունը կամ մեր նախընտրությունն է, այլ միակ տարբերակն է Հայաստանն այս աղետալի ընթացքից հանելու: Եթե լինեն այդպիսի ուժեր կամ ուժերի ներկայացուցիչներ, որոնք կմիանան այդ գաղափարին ու կմիանան նաև այն առումով, որ այս խորհրդարանը չի կարող որևէ լուծում տալ այս ճգնաժամից դուրս գալու համար: Ի դեպ՝ մենք կանխատեսում էինք 18 թվականին, որ երկու տարվա կյանք կունենա Ազգային ժողովը, մեզ այն ժամանակ քարկոծում էին, բայց պարզվեց, որ մենք էինք ճիշտ, և գրեթե բոլորը սխալ էին: Հիմա էլ ասում ենք, որ այս նոր ձևավորվող խորհրդարանը ամիսների կյանք չի ունենա, ընտրությունները լուծում չեն լինելու, ավելի է խորանալու քաոսը: Լուծումն անցումային կառավարումն է՝ Առաջին հանրապետության իրավահաջորդության որդեգրմամբ»:

Դիտարկմանը, որ որոշ քաղաքական ուժեր ասում են, որ առաջին անցողիկը լինելու է «Քաղաքացիական պայմանագիրը», հետո՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը, հետո՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, եթե իրենք նույնպես անցնեն, այդ երեքից որի՞ հետ կմիանան, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Բնականաբար, ոչ մեկի, որովհետև մենք գաղափարական անտագոնիստներ ենք և բացարձակապես տարբեր բևեռներ ենք ներկայացնում՝ արժեքայինից սկսած մինչև աշխարհաքաղաքական լուծումներ»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG