Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԵՄ խորհրդի ղեկավար Շարլ Միշելը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում մի շարք խնդիրների թվում քննարկել են նաև հայ-ադրբեջանական հակամարտության հարցը։ Այս մասին տեղեկացնում է ԵՄ ղեկավար մարմինը։
Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` նշվել է, որ Հարավային Կովկասում առաջնահերթությունների թվում է «տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակումը և բնակչության հումանիտար խնդիրների լուծումը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մասնակցությամբ»։
Հեռախոսային բանակցությունների ընթացքում Միշելն ու Պուտինը քննարկել են նաև Դոնբասում տիրող իրավիճակը, Բելառուսի շուրջ վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։ «Շարլ Միշելը ներկայացրել է ԵՄ տեսակետը։ ԵՄ և Ռուսաստանի հարաբերությունները վատ վիճակում են, սակայն նման կացությունը կամ նույնիսկ հարաբերությունների հետագա վատթարացումը ձեռնտու չէ կողմերից և ոչ մեկին», - նշված է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ։