Մատչելիության հղումներ

Միշելը Փաշինյանին և Ալիևին հորդորել է վերսկսել բանակցությունները


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` կողմերին հորդորելով վերսկսել բանակցությունները: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը Բրյուսելում բանակցություններից հետո:

«Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի լիակատար իրականացումը կարևոր է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: Եվրամիությունը պատրաստ է փորձագիտական աջակցություն տրամադրել սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ և աջակցել վստահության ամրապնդմանը», - ասվում է հաղորդագրությունում:

Միշելը կոչ է արել «երկու կողմերին՝ որպես անհետաձգելի անհրաժեշտություն համագործակցել պահվող անձանց վերադարձի և տարածքների ականազերծման առնչությամբ լիարժեք թափանցիկության ապահովման ուղղություններով, ինչպես նաև այլ կարևոր մարդասիրական հարցերի շուրջ»:

«Եվրամիությունը տրամադրում է գրեթե 20 միլիոն եվրո մարդասիրական օգնություն և կշարունակի մասնակցել դրան», - ասվում է հաղորդագրության մեջ: - «Սակայն այս հրատապ խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է դեպի կայուն խաղաղ կարգավորում: Նախագահը երկու կողմերին կոչ արել վերսկսել բանակցությունները կառուցողական ոգով»:

Շառլ Միշելն «ընդգծել է Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման կարևորությունը Եվրամիության համար և երկու գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացումը»:

«Եվրոպական միությունը խորապես հետաքրքրված է հարավկովկասյան տարածաշրջանի, որպես ԵՄ-ն Արևելյան գործընկերության անքակտելի մասի անվտանգությամբ, կայունությամբ և բարեկեցությամբ», - ասված է հայտարարությունում:

XS
SM
MD
LG