Ավարտվել է Բելգիայի ու Հայաստանի վարչապետների հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Դե Կրոյի հետ քննարկել է հայ-բելգիական երկկողմ հարաբերությունները, նաև նրան տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրադրության մասին: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ժողովրդավարական բարեփոխումներին աջակցությանը:
Այսօր ավելի վաղ վարչապետի պաշտոնակատարը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս հանդիպմանը ևս քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակը, ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը, ուժի մեծ մտած CEPA-ի պայմանագրին վերաբերող հարցեր, ՀՀ-ԵՄ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող օրակարգը:
Ինչպես հայտնում է վարչապետի աշխատակազմը, ընդգծելով Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը՝ Փաշինյանը տեղեկատվություն է ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող դիվանագիտական ու բանակցային գործողությունների, ինչպես նաև իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված իր կողմից մայիսի 27-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ներկայացված առաջարկի վերաբերյալ:
Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ գործողություններին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի իրականացումը և ողջունել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին:
Սա Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցի երկրորդ օրն էր, որն ամբողջապես անցել է Բրյուսելում, որտեղից էլ նա կուղևորվի Երևան:
Առաջին աշխատանքային օրը Փաշինյանը Փարիզում էր: Այն Ֆրանսիայի նախագահի հրավերով էր: Վարչապետը երեկ հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի նախագահների հետ, հյուրընկալվել է Փարիզի քաղաքապետարանում, հանդիպել ու աշխատանքային ճաշ է ունեցել Էմանյուել Մակրոնի հետ: Այդ հանդիպումից առաջ նրանք հանդես եկան լրատվամիջոցների համար հայտարարությամբ: Ֆրանսիան աջակցություն է հայտնել Հայաստանին, նաև նշել է` պատրաստ է աջակցել ու նպաստել խաղաղության հաստատմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակի հանգուցալուծմանը:
Երեկ վարչապետի այցը Փարիզ եզրափակվել է ֆրանսահայ համայնքի հետ հանդիպմամբ, և այնտեղ նաև բողոքի ցույց է տեղի ունեցել. Դաշնակցությունն էր բոյկոտել այդ հանդիպումը: Բողոքի ցույցը բավական ագրեսիվ էր, և վարչապետի պաշտոնակատարի պատվիրակությանն ու լրագրողներին տեղափոխող ավտոշարասյունը հարձակման ենթարկվեց, մինչդեռ դեսպանությունում հանդիպմանը եկած հայ համայնքի ներկայացուցիչները բավական ջերմ էին և հիմնականում քաջալերող և սատարող խոսքեր ասացին Նիկոլ Փաշինյանին: