Մատչելիության հղումներ

Կրակոցներ Երևանի սրտում. սպանվել է 50-ամյա տղամարդ


Երևանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Մայրաքաղաքի սրտում՝ Մոսկվա կինոթատրոնի մոտ, որտեղ մարդկանց, երեխաների հոսքը չի դադարում, կեսօրին հնչել են կրակոցներ, սպանվել է Գավառի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Վարդանյանը։

Հանցագործություն կատարելու կասկածանքով որեւէ մեկը ձերբակալված չէ, Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզում են կատարողի ինքնությունը։ Սպանության պատճառների մասին իրավապահները մանրամասներ չեն հայտնում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Լրատվամիջոցները, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում են` սպանված Վարդանյանը քրեական հեղինակություն համարվող՝ քյավառցի Ռաֆոյի՝ Ռաֆայել Մարդոյանի թիկնապահն է։ Ըստ լրատվամիջոցների՝ հանցագործի թիրախը եղել է Մարդոյանը, որն այդ պահին գտնվել է դեպքի վայրին հարակից «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում:

Դեպքի վայրում աշխատող իրավապահները կատարվածի մասին տեղեկություններ չհայտնեցին, փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն էլ, ըստ էության, չպատասխանեց լրագրողների հարցերին. «Դեռևս չենք կարող ասել, մանրամասներ չենք կարող ասել, քիչ ուշ պատասխանները»:

Ռաֆայել Մարդոյանի նկատմամբ մահափորձի մասին տեղեկություններ գրվել են նաև երեք տարի առաջ. ըստ այդ լուրերի՝ 2018 թվականին Միացյալ Նահանգների հայաշատ քաղաքներից մեկում կրակոցներ են հնչել նրա ուղղությամբ, վերջինս հրազենային ծանր վնասվածքներ է ստացել կրծքավանդակի հատվածում։ Ըստ մամուլի՝ նրա նկատմամբ մահափորձ մի քանի անգամ է կատարվել։

Հովհաննես Վարդանյանը ռուսական պետհամարանիշով զրահապատ ամենագնացի մոտ է եղել, երբ կրակել են։ Պաշտոնապես դեռ չհաստատված լուրերով` այդ մեքենան պատկանում է Ռաֆայել Մարդոյանին։ Տղամարդը հրազենային վնասվածք է ստացել գլխի հատվածում։

Վերջին շրջանում Հայաստանում սրվել է կրիմինալ մթնոլորտը։ Լրահոսից անպակաս են քրեական դեպքերի մասին լուրերը, դանակահարություններ, սպանություններ։ Երկու օր առաջ էլ Էջմիածնում սպանվեց քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի եղբայրը։ Սպանություն կատարած անձը դեռ չի հայտնաբերվել։ Ոստիկանությունից չհերքեցին, որ Էջմիածնում ուժեղացված հսկողություն է իրականացվում։ Այս քաղաքի կենտրոնական փողոցում մահացու կրակոցներ են հնչել նաև մեկ ամիս առաջ, որի հետևանքով սպանվել է 29-ամյա երիտասարդ։

Կրիմինալի ակտիվացումն անպատժելիության հետևանք է, ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը. «Ուզում եմ հիշեցնել, որ այդ թվում նաև նախկինում էլ, ես նորից պիտի անընդհատ հետ ու առաջ գնամ, որպեսզի պատկերավոր լինի, նախկինում տեղի են ունեցել ոչ պակաս այդպիսի բովանդակությամբ, այդ լկտիությամբ սպանություններ, որոնք չեն բացահայտվել, և պատասխանատվության որևէ մեկը չի ենթարկվել: Անպատասխանատու վիճակը, անպատժելիության իրավիճակը բերում հանգեցնում է հենց այս տիպի իրավիճակների, որ կարող են թույլ տալ ոչ թե ինչպես շատ վաղեմի ժամանակներում իջնեն, ինչ-որ մի թաքուն տեղ իրենց հարցերը լուծեն կրիմինալ, ինչպես ժամանակին անում էին, այ իրենց թույլ են տալիս քաղաքի կենտրոնում դեմոնտրատիվ ինչ-որ գործողություններ իրականացնել»:

Ոստիկանության պաշտոնական տվյալներով` վերջին հինգ ամսում 26 սպանության դեպք է արձանագրվել։ Իշխանությունն, ըստ իրավապաշտպանի, իրավիճակին չի տիրապետում։ Հակառակ դեպքում ուժային կառույցները գործի կդնեին հանցագործությունները կանխարգելելու գործիքակազմը։ Կարապետյանցը ենթադրում է, որ այդ գործիքակազմը քաղաքական նպատակներով է ակտիվորեն գործի դրվում. «Իրենք ունեն մի այնպիսի գործիքակազմ, որը կոչվում է օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացում: Այդ բոլոր տեղեկատվության ստուգում, վերստուգում, տարբեր իրենց հայտնի ու մեզ անհայտ ճանապարհներով, այս ամեն ինչը` գործիքակազմը, իրականում, կարծում եմ, որ այլ ուղղությամբ է օգտագործվում և չի օգտագործվում ըստ նպատակի` հանցագործությունները կանխելու նպատակով բավահայտել, հավաքագրել:

Չեմ բացառում, որ այդ թվում նաև այսպես վերահսկելու այնպիսի ուժերի, որոնք այդքան էլ ցանկալի չեն, որոնք որ իրենց կարծիքով` այսպես ասած, ենթարկվող չեն` սկսած ընդդիմությունից, վերջացրած քաղհասարակությունով»:

XS
SM
MD
LG