Մատչելիության հղումներ

Նախընտրական ակտիվություն Գյումրիում. քաղաքական ուժերն արդեն շտաբներ են բացում


Նախընտրական ակտիվությունն արդեն զգալի է նաև Գյումրիում. արտահերթ ընտրություններին նախապատրաստվող քաղաքական ուժերից շտաբների առումով թերևս ամենաակտիվը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է, որը Գյումրիում արդեն մի քանի շտաբ ունի:

Երկրորդ նախագահի՝ «Դաշնակցություն» և «Վերածնված Հայաստան» կուսակցությունների ձևավորած դաշինքի երկու շտաբներում երեկ հրաժարվեցին հարցազրույցից` նշելով, թե դեռ հստակ ասելիք չունեն:

«Հայաստան» դաշինքի Գյումրիի շտաբը ղեկավարելու է Հովհաննես Ասոյանը, իսկ կենտրոնական շտաբից Շիրակի մարզը համակարգելու է Շիրակի նախկին մարզպետ գեներալ Աշոտ Գիզիրյանը:

Հանրապետական կուսակցությունում ևս ասելիք չունեին, ասացին, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում և դեռ պարզ չէ, թե մարզում ով է համակարգելու Հանրապետական ու «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբը: Հանրապետական կուսակցության գրասենյակը որոշակի վերանորոգվել է: Նոր պաստառներ էին փակցվել՝ Գարեգին Նժդեհի նկարներով:

Գյումրիում շտաբների առումով ակտիվ է նաև «Բարգավաճ Հայստան»-ը: Ազգային ժողովի ԲՀԿ֊ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանը շտաբերից մեկի համակարգողն է և տարածքի պատասխանատուն: Գրիգորյանն ասաց, որ այս պահին զբաղված են նախապատրաստական աշխատանքներով նաև տեղամասային հանձնաժողովներում իրենց անդամների համալրումներով:

«Իհարկե ստեղծվել են շտաբներ, չնայած մեր գրասենյակները բոլոր ժամանակներում գործել են, բայց այսօր աշխատանքն ավելի ակտիվացել է, հիմնականում աշխատանքներ են տարվում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության հարցում։ Ճիշտն ասած դեռ որոշված չէ, թե ինչ ֆորմատով է կուսակցությունն անցկացնելու քարոզարշավը, բայց առաջիկա օրերին անպայման կորոշվի ֆորմատը, որով անցկացվելու է քարոզարշավը», - ասաց Գրիգորյանը։

Նա նախորդ ընտություններին ռեյտինգային ցուցակով ընտրված պատգամավորներներից է: Հարցին, թե այս ընտրություններին իր անունը ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվա՞ծ է, Վարդևան Գրիգորյանը պատասխանեց․ - «Գիտեք, ճիշտն ասած, արդեն առաջարկել են, որ ներկայացնեմ համապատասխան փաստաթղթեր, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման վերջնաժամկետն ամսի 26-ին է ու էդ ժամանակ պարզ կլինի՝ Գրիգորյան Վարդևանը կլինի ցուցակում, թե՞ չի լինի և եթե լինելու է, որ համարում»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի ու գրասենյակի Գյումրիում դեռ չենք հանդիպում: Միայն քաղաքի կենտրոնական փողոցներում կուսակցության կարգախոսով մեծաթիվ պաստառներն են փակցված: Անցած շաբաթ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հայտարարեց, որ մարզային շտաբը ինքն է ղեկավարելու:

Աժ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մի քանի կուսակցություններ ևս Գյումրիում գրասենյակներ են բացել: Թեև որոշները բացվել են հենց քաղաքի կենտրոնում ու ամենաբանուկ մասում, պարզվում է գյումրեցիներից շատերը չեն էլ նկատել:

Երեկ Գյումրիի փողոցներում «Ազատության»-ը հանդիպած քաղաքացիները հիմնականում ասում էին, որ կողմնորոշվել են, թե ում օգտին են քվեարկելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG