Մատչելիության հղումներ

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի համոզմամբ, ամերիկյան կառավարությունը կարևոր դեր կարող է խաղալ Արցախի վերաշինման և վերաբնակեցման հարցում


ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը շատ ավելի քաջատեղյակ է Հայաստանի ու Արցախի խնդիրներից, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

Նրա համոզմամբ, ամերիկյան կառավարությունը կարևոր դեր կարող է խաղալ Արցախի վերաշինման և վերաբնակեցման հարցում, իսկ Հայ դատի հանձնախումբն իր առաջնահերթությունները շատ հստակ դրել է՝ 250 միլիոն դոլարի աջակցություն Հայաստանին և Արցախին։

«Մենք մեր առաջնահերթությունները շատ հստակորեն դրել ենք՝ 250 միլիոն ի նպաստ Հայաստանի և Արցախի՝ փախստականներին վերաբենակեցնելու, վերաշինելու Արցախը, ավելի հստակ ղեկավարություն Բայդենի կառավարության կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ծրագրերում։ Այստեղ շատ կարևոր է նաև ռազմագերիների վերադարձը թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, թե՛ միջազգային Կարմիր խաչի, և նաև հստակ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, որոնք պատերազմի ընթացքում ոճիրներ են գործել․ Արցախի անմեղ ժողովրդի դեմ օգտագործել են ռազմամթերք, որոնք միջազգային մակարդակով արգելված են, օգտագործել են քիմիական տարբեր ռազմամթերք ընդդեմ Արցախի։ Սրանց վերաբերյալ շատ հստակ ամերիկյան օրենքներ կան և պատժամիջոցներ կարող են սահմանվել թե՛ Թուրքիայի դեմ, թե՛ Ադրբեջանի կառավարության», - ասաց Չուլջյանը՝ նշելով, որ այս առաջնահերթությունները Հայ դատի հանձնախումբն, ամերիկահայ գաղութն արդեն ներկայացրել են։

«Պետք է աշխատենք այս օրերին, թե՛ դաշնակցային հարթակի վրա, թե՛ Կոնգրեսական մակարդակի վրա, որպեսզի իրականացնենք», - ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը։

Հարցին, թե այդ 250 միլիոն դոլարի օգնությունը որքա՞նով է իրատեսական, Չուլջյանը պատասխանեց․ - «Արդեն աշխատում ենք Կոնգրեսի արտաքին օժանդակության հանձնաժողովի անդամների հետ, մենք հստակեցրել ենք, թե որոնք են կարիքները և պետք է աշխատենք, որ այդ թիվը մոտեցնենք։ Հստակ է, որ ամերիկյան կառավարությունը կարևոր դեր կարող է խաղալ վերաշինման և վերաբնակեցման աշխատանքների ուղղությամբ և սա մեր թիվ մեկ առաջնահերթությունն է, որպեսզի կարողանանք իրականացնել սա թե՛ մեր կոնգրեսական բարեկամների հետ, թե՛, անշուշտ, Բայդենի ղեկավարության հետ»։

Նախագահ Բայդենը շատ ավելի քաջատեղյակ է հայկական հարցերից, քան թե իր նախորդը, ասաց Չուլջյանն՝ ընդգծելով՝ 30 տարվա ընթացքում, երբ որ Բայդենը ղեկավարում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, կամ արդարադատության հանձնաժողովը, այդ ժամանակ ակտիվ աշխատում էր թե՛ Արցախի, Հայոց ցեղասխպանության, թե՛ Ամերիկայի և Հայասանի հարաբերությունների կարգավորման հարցերով։

«Եվ այդ ժամանակ, եթե եղել է, օրինակ, 907 բանաձևի քննարկումը և որդեգրումը՝1993-ին, որ կանխում է ամերիկյան օժանդակությունը դեպի Ադրբեջան, որովհետև Ադրբեջանը շարունակում էր և շարունակում է ակտիվ ձևով իր հարձակումները և իր շրջափակումը Հայաստանի և Արցախի վրա, կամ եթե նայենք իր՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կեցվածքներին, դրական էր և տեղյակ էր։ Անշուշտ նախագահ Օբամայի փոխնախագահության ընթացքում Սենատը համեմատաբար ավելի տարբեր էր։ Այն խոստումները, որ տեղի ունեցան Օբամայի կողմից, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, դժբախտաբար չեղան, բայց շարունակվեց, օրինակ, Ամերիկայի օժանդակությունը դեպի Արցախ, կապերը կամաց-կամաց բարելավվեցին, բայց ինչպես ասացի, այս վերջին չորս տարվա ընթացքում շատ հստակ շեղում կար այդ ծրագրից Ամերիկայի և Հայաստանի միջև։ Առաջին անգամ տեսանք 120 միլիոնով ավելի ամերիկյան ռազմական օժանդակություն դեպի Ադրբեջան, դրա հետևանքները զգացինք սեպտեմբերից՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հարձակումները, տեսանք նախկինը դեմ էր ամերիկյան օժանդակությանը դեպի Արցախ և տեսանք ընդհանուր լռությունը, բացակայությունը ճգնաժամային այս պատերազմի օրերին», - ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG